поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

 

«PRINTeL» ՆԱԽԱԳԻԾ

Վանաձորի պետական համալսարանն ընդգրկված է «PRINTEL (ERASMUS+)» նախագծում՝ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով»: 3 տարի տևողությամբ նախագիծը (2018-2020 թթ.) ղեկավարում է Երևանի պետական համալսարանը:
Նախագծի նպատակն է բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը։ Նախագիծն ուղղված է գործընկեր բուհերի դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը: Նախատեսվում է նաև հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիա՝ որպես դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ։

PRINTeL նախագիծը կազմված է 7 աշխատանքային փաթեթներից, որոնցում ներառված են.

• եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրություն,
• տարածքային բուհերում կարիքների վերլուծություն,
• վերապատրաստումների պլանի կազմում,
• դասախոսական կազմի կարողությունների զարգացում,
• էլեկտրոնային ուսուցման և դասավանդման ենթակառուցվածքի ստեղծում,
• նորարարական դասավանդման համար ուսումնական պլանների ստեղծում և նոր մեթոդների կիրառություն,
• ուսանողներից հետադարձ կապի ստացում,
• VATL պորտալի համար գործառույթների սահմանում և հայեցակարգային մոդելի ձևավորում,
• նոր սարքավորումների ձեռքբերում,
• ուսուցման համար ձեռնարկների հրատարակում,
• VATL ֆորումի և համագործակցային ցանցի ստեղծում,
• որակի ապահովում և տարածում:

Նախագծի գործընկեր հաստատություններն են.

• Երևանի պետական համալսարանը,
• Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը,
• Վանաձորի պետական համալսարանը,
• Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնը,
• Իլիայի պետական համալսարանը,
• Վրաստանի տեխնիկական համալսարանը,
• Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի անվան պետական համալսարանը,
• Բելառուսիայի պետական համալսարանը,
• Բրեստի պետական տեխնիկական համալսարանը
• Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանը,
• Բարսելոնայի համալսարանը,
• Պորտոյի համալսարանը,
• Լինշոփինգի համալսարանը,
• Լյուվենի կաթոլիկ համալսարանը
• Էֆ-Էյչ Ջոաննեում համալսարանը:

Նախագծի մեկնարկային խորհրդաժողովը կայացավ ս/թ փետրվարի 15-16-ին ԵՊՀ-ում:

Մարտի մեկից սկսվել են առաջին փաթեթի աշխատանքները:

ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Փետրվարի 15-16-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ PRINTeL «Փոփոխու­թյուն լսա­րանում. նորարա­րա­կան դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փոր­ձա­ռու­թյան բարելավման նպատակով» նախագծի մեկնարկային համաժողովը:

Օրակարգ

PRINTeL նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։ Ծրագրի համակարգող և պատասխանատու  ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ներկայացրեց նախագծի առաքելությունը, համակարգման աշխատանքներն ու ակնկալվող արդյունքները:  Նա ընդգծեց, որ հիմնական նպատակն է բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը գործընկեր երկրներում և օժանդակել դասավանդման և ուսումնառության զարգացմանն ու նորարարությանը, աջակցել դասավանդման տեխնոլոգիաների և հետազոտության ինտեգրացիային, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան բոլոր մասնակից բուհերի ներկայացուցիչները՝ ներկայացնելով դասախոսական կազմի վերապատրաստումների գործընթացը, հեռանկարները և ծրագրի շրջանակներում ակնկալվող սպասելիքները: Վանաձորի պետական համալսարանը ներկայացրեցին ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանն ու շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Քրիստինե Ղազարյանը

PRINTeL ծրագրի շրջանակներում  նախատեսվում է նաև հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիա (VATL)՝ որպես դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ, նոր սարքավորումների ձեռքբերում, ուսուցման համար ձեռնարկների հրատարակում, VATL ֆորումի և համագործակցային ցանցի ստեղծում:

ERASMUS+ PRINTeL ծրագրի մասին ամբողջական տեղեկատվությունը զետեղված է ծրագրի կայքում https://printel.am/ կայքում:

«PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԵՎ ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ


Վանաձորի պետական համալսարանն ընդգրկված է «PRINTeL (ERASMUS+)» («Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով») նախագծում:

Նախագծի շրջանակներում   նախատեսված են մի շարք վերապատրաստումներ և ճանաչողական այցեր եվրոպական գործընկեր համալսարաններում (Գրացի FHJ Կիրառական գիտությունների, Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի,  Պորտոյի, Լինշոպինգի  համալսարաններ):

Սույն թվականի հունիսի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «PRINTeL (ERASMUS+)»  թիմին ուսումնական այցով հյուրընկալել էին Բարսելոնայի և Պորտոյի համալսարանները: Հունիսի 11-12-ին Բարսելոնայի համալսարանում կազմակերպված երկօրյա համաժողովի ընթացքում Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համալսարանների ներկայացուցիչներին (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան (Հայաստան), Իլիայի պետական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան և Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի պետական համալսարան (Վրաստան), Բելառուսի պետական համալսարան, Բրեստի պետական տեխնիկական համալսարան և Գրոդնոյի Յանկա Կուպալայի պետական համալսարան (Բելառուս)) եվրոպական գործընկերները ծանոթացրին դասախոսների վերապատրաստման կենտրոնների աշխատանքի ժամանակակից փորձին, նրանց գործունեությանը, կառուցվածքին և իրականացվող վերապատրաստման ծրագրերին։ Այցի հիմնական կազմակերպիչներն էին Բարսելոնայի համալսարանի պրոֆեսորներ` Ջոան-Թոմաս Պուջոլան և Մարինա Սոլե Կատալան:

Հունիսի 14-15 Պորտոյի համալսարանում կազմակերպվեց աշխատաժողով-վերապատրաստում, որի նպատակն էր արևելյան գործընկեր բուհերի դասախոսների վերապատրաստման կենտրոնների վարչական կազմի կարողությունների բարձրացումը` վերապատրաստման  կենտրոնների նոր ոճով աշխատանքի, նորարարական վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև նոր գործառնական պլանների մշակման ոլորտներում։ Աշխատաժողովի  ընթացքում   ներակայացվեց  դասավանդողների վերապատրաստումների, դասընթացների ձևավորման և իրականացման, փորձի փոխանակմանն ուղղված ամենամյա միջոցառումների, կիրառվող էլեկտրոնային ռեսուրսների, հարթակների և գործիքակազմի  շրջանակներում համալսարանական համագործակցությանն ուղղված եվրոպական համալսարանների վերաբերյալ փորձը: Պորտոյի համալսարանի պրոռեկտոր Ֆերնանդո Ռեմիաոյի և պրոֆեսոր Մարիա Պինտոյի նախաձեռնությամբ  կազմակերպվեց քննարկում «World Café» մեթոդով, որն ապահովում է բոլոր մասնակիցների առավել ներգրավվածություն, և որի ընթացքում քննարկվեցին դասավանդողների վերապատրաստման կենտրոնների ռազմավարական պլանավորմանը, կառավարմանը, որակի ապահովմանը վերաբերվող հարցեր: Քննարկման արդյունքները ներկայացվեցին նաև ըստ երկրների (Հայաստան, Վրաստան, Բելառուս):

Աշխատանքային հանդիպումներին մասնակցում էին արևելյան գործընկեր բուհերի համալսարանների շուրջ 35 ներկայացուցիչներ, որոնց կազմում Վանաձորի պետական համալսարանից ընդգրկված էին ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանն ու շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Քրիստինե Ղազարյանը:

Հունիսի 16-ին Պորտոյի համալսարանում տեղի ունեցավ նաև «PRINTeL» նախագծի համակարգող հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էին եվրոպական և արևելյան գործընկեր բուհերի ինստիտուցիոնալ համակարգողները։ Համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում լսվեցին աշխատանքային խմբերի ղեկավարների զեկույցներն ընթացիկ գործողությունների առաջընթացի վերաբերյալ, հաստատվեցին մինչև 2018 թ.-ի վերջը նախատեսված աշխատանքների բովանդակությունը և համապատասխան ժամանակացույցները։

2018 թ-ի նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համալսարանների ներկայացուցիչների, այդ թվում նաև ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ), որի հավաքագրման հայտարարությունը զետեղված է ՎՊՀ կայքէջում ( http://www.vsu.am/azd-am/596-erasmus-printel ):

Հայտարարություն

Վանաձորի պետական համալսարանը մասնակցում է  ERASMUS+ PRINTeL«Փո­փոխություն լսարանում. Նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծին, որի շրջանակներում 2018թ-ի նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի,Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։

Ծրագրի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, ովքեր կտիրապետեն դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիա­պես հագեցած ժամանակակից մեթոդներին` ձեռք բերած փորձը հետագայում ՎՊՀ-ում տարածելու նպատակով։ Նախատեսվում է վերապատրաստել թվով 6 այդպիսի վերապատրաս­տող։

Թեկնածուների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքով` համա­պա­տասխան հանձնաժողովի կողմից։Վերապատրաստման և գործուղման բոլոր ծախսերը փոխ­հատուցվելու են PRINTeLնախագծի միջոցներից։

Թեկնածուներին ներկայացվող պահանջները և մրցույթի չափանիշներն են`

  1. ՎՊՀ հիմնական աշխատող,
  2. տարիքը` մինչև 50,
  3. անգլերենի լավ իմացություն (առնվազն C1 մակարդակ),
  4. տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման հմտու­թյուն­ներ,
  5. պարտավորություն` վերապատրաստումից հետո` 3 ամսվա ընթացքում վե­րա­­պատրաստելու առնվազն տասնհինգ գործընկեր դասախոսի, ինչի մասին թեկ­նածուի հետ կնքվելու է համապատասխան համա­ձայնագիր,
  6. առավելությունը տրվելու է այն թեկնածուներին, ցանկություն կունենան դասավանդելու ՎՊՀ շարունակական կրթության կենտրոնի դասախոսների վերապատրաստման ծրագրերում և հանձնառու են շարունակելու այդ գոր­ծունեությունը առնվազն 2 (երկու) տարի։

Դիմում-հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբե­րակով` ՎՊՀ ուսումնամեթոդական վարչություն (վարչական մասնաշենք, 2-րդ հարկ, առաջին սենյակ կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  էլեկտրոնային հասցեով)` ս.թ. հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Մրցույթը կկայանա ս.թ. սեպտեմբերի 3-5-ը, իսկ ար­դյունք­ները կհրապարակվեն սեպտեմբերի 7-ին։

Համալսարանի դասախոսների վերապատրաստումների

կազմակերպումը եվրոպական համալսարաններում

Վանաձորի պետական համալսարանը մասնակցում է  ERASMUS+ PRINTeL «Փո­փոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծին, որի շրջանակներում 2018 թ. նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։

Վերապատրաստումներին կմասնակցեն մրցույթի արդյունքում ընտրված 6 դասախոսներ.

հ/հ

Ազգանուն, անուն,

Հյուրընկալող համալսարան

Դասընթացների ուղղվածությունը

1.                    

Դանիելյան Արինա  Կարլենի

Գրացի Կիրառական գիտությունների համալսարան

Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն

2.                    

Միրզոյան Վանանե  Խաչիկի

3.                    

Առաքելյան Աննա  Ժորայի

Լինշոպինգի համալսարան

Ակտիվ ուսումնառություն «Շրջված լսարան»-ում

4.                    

Բրուտյան Մարիա   Աշոտի

Բարսելոնայի համալսարան

Ակտիվ ուսումնառություն և  ՏՀՏ ընդլայնված դասավանդում (m-learning, gamification)

5.                    

Խաչատրյան Աննա Սամվելի

Պորտոյի համալսարան

Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում

6.                    

Ղազարյան Քրիստինե Սերգեյի

Լյովենի կաթոլիկ համալսարան

Ակտիվ ուսումնառություն՝ առաձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված  համագործակցային ուսումնառությունը

Դասընթացների կազմակերպական աշխատանքներին նախորդել է դասախոսների մասնագիտական (մանկավարժական) վերապատրաստման և ուսանողների ուսումնառության կարիքների վերլուծությունը, որի վերաբերյալ ներկայացված է զեկույց (https://www.printel.am/page/pd-for-wp-1):  Եվրոպական գործընկեր համալսարանները դասընթացների կազմակերպումն իրականացնում են ըստ բացահայտված կարիքների և վերլուծության արդյունքների: Դասընթացների ընթացքում ձեռք բերված փորձը դասախոսները կտարածեն համալսարանում՝ կազմակերպելով դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիա­պես հագեցած ժամանակակից մեթոդների վերաբերյալ ներքին վերապատրաստումներ: Վերապատրաստումների գործընթացը կազմակերպելու նպատակով մասնակից դասախոսների հետ, համաձայն ծրագրի պահանջների, կնքվել են համաձայնագրեր: Արդյունքում՝ պլանավորվում է  վերապատրաստված դասախոսների կողմից 2019 թ. հունվար-մարտ ամիսներին կազմակերպել 5-օրյա ներբուհական վերապատրաստումներ, որոնցում կներգրավվեն Համալսարանի  առնվազն 60 դասախոս:

Back to top