ԼԱՈՒՐԱ ԶԱՔԻՅԱՆԻ ԸՆԴՀԱՏՎԱԾ 66-ՐԴ ԳԱՐՈՒՆԸ

  • Չորեքշաբթի, Դկտ 06 2017

 

Արդեն մեկ տարի է` մեզ հետ չէ ՎՊՀ դասախոս, հմուտ մանկավարժ, խմբավար Լաուրա Աղասու Զաքիյանը։ Դեկտեմբերի 1-ին երաժշտության նվիրյալը կդառնար 66 տարեկան։

Անժամանակ ընդհատված ամեն մի կյանք մեծագույն ողբերգություն է, առավել ևս մարդու, ում վստահված է բնագավառի ապագան երաշխավորելու բարդ ու պատասխանատու գործը։ Այդպիսի մարդ էր ՎՊՀ արվեստի ամբիոնի երաժշտության բաժնի դասախոս ԼԱՈՒՐԱ ԶԱՔԻՅԱՆԸ, ում համար արվեստը, երաժշտությունը, մանկավարժությունը կյանքի իմաստ ու ապրելակերպ էին։ Նա սիրում էր իր մասնագիտությունը և այդ սերը փոխանցում էր իր ուսանողներին՝ չնայած աշխատանքի մեջ խստապահանջ էր թե՛ իր և թե՛ սաների նկատմամբ։

Լ. Զաքիյանը ծնվել է 1951 թ. դեկտեմբերի 1-ին Բաքվում։ 1969 թ. տեղի թիվ 66 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիրովականի Միքայել Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարության բաժինը։  Ավարտել է գերազանցությամբ։ Սա զարմանալի չէ. չէ՞ որ  1960-1968 թթ. նա սովորել և նույնպես գերազանցությամբ ավարտել է Բաքվի թիվ 8 երաժշտական դպրոցի ակորդեոնի և դաշնամուրի բաժինները։

1973-1978 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժնում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կիրովականի Միքայել Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես ակորդեոնի և խմբավարության մանկավարժ։ Աշխատել է մինչև 1995 թ., ապա 1997 թ. աշխատանքի է անցել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնում՝ որպես խմբավարության դասախոս։

ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, վաստակաշատ նկարիչ, արվեստի ամբիոնի վարիչ Գեորգի Թովմասյանը Լ. Զաքիյանի մասին մասնավորապես ասել է. «Աշխատանքային գործունեության ընթացքում  Լ. Զաքիյանն առանձնացել է իր ստեղծագործական կարողություններով ու հմտությամբ, նրա անցկացրած դասերն ու պարապմունքները հետաքրքիր ու բովանդակալից էին, ինչն էլ գրավում էր նրա ուսանողներին ու սիրելի դարձնում դասախոսին և նրա դասավանդած առարկան։ Միշտ ընդգրկված է եղել քաղաքային երաժշտական միջոցառումներում՝ իր ուսանողներին նույնպես ներգրավելով այդ միջոցառումների մեջ։ Ակտիվ համագործակցել է ամբիոնի հետ, հանդես եկել մամուլում»։

Շրջապատի կարծիքով՝ Լաուրան զգում էր ժամանակը, գիտակցում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Պատահական չեն հայ և համաշխարհային երաժիշտների ստեղծագործությունները նրա կողմից նորովի և յուրովի ներկայացնելը։

Իր կյանքի 45 տարին Լաուրա Զաքիյանը տրամադրեց երիտասարդ սերնդի դաստիարակությանն ու գեղագիտական ճաշակի զարգացմանը։

Կյանքի վերջին տարիներին աշխատում էր մեր համաքաղաքացի, հանրաճանաչ դուդուկահար Վլադիմիր Ներսեսի Կռոյանին նվիրված «Կենդանի լեգենդ» գրքի վրա, որը, ցավոք, չհասցրեց տպագրել։

Լաուրա Զաքիյանը բացի խմբավար և դասախոս լինելուց, իր կյանքի լավագույն ձեռքբերումը համարում էր իր մեծ գերդաստանը։ Նրա ամենամեծ աշխարհն իր ընտանիքն էր, ուր նա սիրելի կին էր, պահանջկոտ և խստաբարո մայր, հրաշալի տատիկ։ Միշտ հպարտանում էր իր երեխաներով ու թոռներով։

Մեր կրթական և մշակութային բնագավառը հիրավի անդառնալի ու մեծ կորուստ կրեց Լաուրա Զաքիյանի վախճանով։ Այդ կորուստը մեծ էր ու ծանր։ Նրա բացակայությամբ բոլորս կզգանք գարնան պակասություն մեր կյանքում։

Լաուրա Զաքիյանի հիշատակը միշտ վառ կմնա նրա զավակների, կոլեգաների ու ճանաչողների սրտերում։

 

Արվեստի ամբիոն

Կարդացվել է 103 անգամ
Գնահատել նյութը
(0 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Մեկ միավորի տարբերությամբ.

Դեկտեմբերի 8-ին ՎՊՀ օտար լեզուների ամբիոնը կազմակերպեց

Մանրամասն

Գումար և բարոյականություն

Դեկտեմբերի 8-ին ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն

Մանրամասն

«Բաց դռների շաբաթ». ամփոփում

Դեկտեմբերի 8-ն ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետը ամփոփեց

Մանրամասն

Երկրաշարժի զոհերին նվիրված

ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետը դեկտեմբերի 7-ին

Մանրամասն

Բարի՛ն արա

Դեկտեմբերի 7-ին ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի 

Մանրամասն

Հարգանքի տուրք երկրաշարժի

Ամեն տարի դեկտեմբերի 7-ին ՎՊՀ դասախոսական կազմը,

Մանրամասն

Ուսանողներն «ընդդեմ»

Դեկտեմբերի 6-ին ՎՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի

Մանրամասն

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի

ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Կենսաբանություն» բաժնի

Մանրամասն