Ներկայացնում ենք Սլովենիայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի ներկայացրած «Բաց կրթություն՝
ավելի լավ աշխարհի համար» խորագրով համաշխարհային առցանց մենթորական ծրագրի շրջանակում ձևավորված «Բաց կրթության ոլորտում առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը:
Բաց կրթական ռեսուրսներ ստեղծողներին ուղղորդելու նպատակով մեկնարկել է «Բաց կրթություն՝ ավելի լավ աշխարհի համար» խորագրով համաշխարհային առցանց մենթորական ծրագիրը, որը կազմակերպվել է Նովա Գորիցիայի համալսարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բաց տեխնոլոգիաները բաց կրթական աղբյուրների և բաց կրթության համար» ամբիոնի կողմից:
Այս նախաձեռնությունն ավելի զարգացնելու նպատակով հայտարարվում է «Բաց կրթության ոլորտում առաջնորդություն» նոր մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն, որի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքէջից՝ http://oe4bw.ijs.si/:
«Բաց կրթության ոլորտում առաջնորդություն» նոր մագիստրոսական ծրագիրը կմեկնարկվի սույն թվականի հոկտեմբեր ամսին: Ուսումնական ծրագրում անդրադարձել են այն մարտահրավերներին, որոնք առաջացել են բաց կրթական ռեսուրսների ստեղծման ժամանակ: Ծրագրին մասնակցող ուսանողներին ղեկավարելու համար կստեղծվի առաջատար մասնագետներից և մանկավարժներից բաղկացած միջազգային թիմ, որը կօգնի ուսանողներին հասկանալ բաց կրթական ոլորտում տեխնոլոգիական, մանկավարժական, գործարար և սոցիալական կողմերի միջև կապը: Ծրագրի ավարտին ուսանողները կիմանան բաց կրթական ոլորտին վերաբերող ամեն ինչ, թե ինչ դեր ունի այս ոլորտը բիզնեսում և հասարակական կազմակերպությունների աշխատանքում: Ստացած գիտելիքների օգնությամբ ուսանողները նույնպես կկարողանան ղեկավարել բաց կրթական ոլորտին վերաբերող ծրագրեր:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ ամբիոնների աշխատողներ (Ռոբերտ Սքուվեր, Ջոն Շով Թեյլոր, Թել Ամիել, Միտջա Ջերմոն), ինչպես նաև բաց կրթական ռեսուրսներ ստեղծող մի քանի առաջատար մասնագետներ (Դոմինիկ Օր, Լերի Քոփերմեն, Յան Նեյման)՝ որպես դասախոսներ և մենթորներ մասնակցում են այս ծրագրին: