поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նոյեմբերի 3-5-ը Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ ուսանողական միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակին: Լիագումար նիստը մեկնարկեց ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որին մասնակցում էին ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերի 150 ուսանող: Մասնակիցների առավելագույն թվով հանդես եկավ Վանաձորի պետական համալսարանը:

Ներկաներին ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով համալսարանի անցած ճանապարհը, ձեռքբերումները: Լիագումար նիստին ներկա էին նաև ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախարարներ, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Լիագումար նիստին զեկուցումով հանդես եկավ Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհի Շուշան Ներսիսյանը:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին բաժանմունքներում: Վանաձորի պետական համալսարանի ուսանողները զեկուցումներ կարդացին բանասիրության, իրավագիտության, պատմության և քաղաքագիտության, տնտեսագիտության, մանկավարժության և հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության մասնախմբերում:

Գիտաժողովի շրջանակներում ուսանողները հանդիպեցին ԱրՊՀ ռեկտորի և պրոռեկտորների հետ՝  հհնարավորություն ունենալով խոսելու ուսանողական գիտաժողովների և դրանց դրական արդյունքների մասին: ԱրՊՀ ղեկավարությունը հատուկ շնորհակալություն հայտնեց Վանաձորի պետական համալսարանին ակտիվ մասնակցության համար: Առանձնակի նշվեց  դեռ այն ժամանակ Կիրավականի մանկավարժական ինստիտուտի կարևոր նշանակությունը Արցախի մայր բուհի գոյատևման գործում:

Գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, որի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը մասնակցության հավաստագրեր հանձնեց գիտաժողովի մասնակիցներին: Մասնակից ուսանողները հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց բուհերի առանձնահատկությունները:

Արցախի պետական համալսարան ուղևորված ուսանողների առօրյան հագեցած էր նաև մշակութային ծրագրերով: Ուսանողները մինչև Արցախ հասնելը  այցելեցին Տաթևի վանական համալիր, եղան «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, բացահայտեցին բազմաթիվ ձեռագրեր, շրջեցին Գանձասարի վանական համալիրում և Դադիվանքում, կատարեցին մոմավառություն:

Back to top