поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նոյեմբերի 8-ին  ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր գիտական նստաշրջան՝ զեկուցումների ազատ թեմատիկայով, առկա և հեռակա մասնակցության ձևերով: Նստաշրջանի ընթացքում գործում էին պատմության, իրավագիտության և քաղաքագիտության, հայ բանասիրության, օտար լեզուների և գրականության, տնտեսագիտության, մանկավարժության, հոգեբանության և սոցիոլոգիայի, փիլիսոփայության, արվեստագիտության, բնագիտության և աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի, ֆիզմաթ և ինֆորմատիկայի բաժանմունքները:

Լիագումար նիստին գիտաժողովի մասնակիցներին ու ներկաներին ողջունեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատաը Ս. Թումանյանը՝ նշելով, որ 50-ամյա բուհի տարիքին է նաև Ուսանողական գիտական ընկերությունը: Համալսարանը մշտապես հաղորդակից է լինում գիտության տարբեր ճյուղերում կատարվող նորություններին: Ս. Թումանյանը մասնակիցներին մաղթեց գիտական բանավեճ, սեփական տեսակետը պաշտպանելու կարողություն՝  առաջարկելով դիտել ՎՊՀ լրատվության բաժնի աշխատակիցների պատրաստած «Կեսդարյա ճանապարհ»  տեսաֆիլմը՝ նվիրված բուհի 50-ամյա պատմությանը:

Լիագումար նիստին ողջույնի խոսքով  ներկայացան ՎՊՀ ՈՒԳԸ նախագահ Շուշան Ներսիսյանը, զեկուցումներով՝ ՎՊՀ և ԳՊՀ ուսանողներ Տաթևիկ Ալեքսանյանը և Արամայիս Ավետիսյանը: Լիագումար նիստից հետո աշխատանքը շարունակվեց մասնագիտական բաժանմունքներում. դրան կանդրադառնանք առաջիկայում:

Գիտաժողովի մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ մեծ էր՝ շուրջ 150: Մասնակից համալսարանների թվում էին Երևանի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում: Ի դեպ, բոլոր հոդվածները ստուգվում են գրագողությունը հայտնաբերող համակարգչային ծրագրերով:

                                                                                                                           Սեփ. լրատվություն

Back to top