2019 թ. նոյեմբերի 12-ին Վանաձոր քաղաքի թ. 24 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի 15 աշակերտներ հյուրընկալվեցին ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետում. Նրանց նպատակն էր դիտել և մասնակցել «Բջիջ» թեմայից ծրագրով նախատեսված լաբորատոր փորձերին:
Կենսաբանության ամբիոնի դոցենտ, կ. գ. թ. Գայանե Սահակյանը բացատրեց մանրադիտակի կառուցվածքը, ցուցադրեց բջջի կառուցվածքի և քլորոպլասի ուսումնասիրությանը վերաբերող փորձերի անցկացման մեթոդիկան, որից հետո աշակերտները մագիստրատուրայի ІІ կուրսի ուսանողուհի Աստղիկ Սարգսյանի ցուցումներով կատարեցին փորձնական աշխատանքներ մանրադիտակներով: Փորձերն ընթանում էին թեմայի շուրջ ներկայացվող հետաքրքիր հարցադրումներով և ակտիվացնում աշակերտների մասնակցությունը դասին:
«Կենսաբանություն» առարկայի ուսուցիչներ Շողիկ Առուշանյանը և Լուսինե Սեփխանյանը նշեցին, որ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաները կարող են ոչ միայն նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, այլև ծանոթացնել համալսարանի ուսումնանյութական և լաբորատոր բազայի հնարավորություններին: Նրանք նշեցին, որ նման այցերը կարևոր են իրենց համար, քանի որ դպրոցում փորձարարական բազան գրեթե բացակայում է, և ցանկություն հայտնեցին օգտվել նաև սյլ մասնագիտական լաբորատորիաների հնարավորություններից:
Ուսուցիչները վերջում իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին մեր համալսարանի և կենսաբանաքիմիական ֆակուլտետի ղեկավարությանը՝ այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:
Ա. Իսկանդարյան
Բուհ-դպրոց կապերի համակարգող