поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Գրողներից մեկն ասել է, որ թարգմանությունները նման են կանանց: Եթե հավատարիմ են, գեղեցիկ չեն, եթե գեղեցիկ են, հավատարիմ չեն:

«Իմ գիրքը» խորագրի հյուրը բանաստեղծ, թարգմանիչ Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆՆ Է: Նա մեզ պատմեց, թե ինչպես «սիրահարվեց» Էդգար Ալլան Պոյի «Ագռավը» բանաստեղծությանը և որոշեց թարգմանել այն: Հավատարիմ էր սիրելին, թե գեղեցիկ կորոշի ընթերցողը:

 

– Մի առիթով Համո Սահյանն անկեղծ խոստովանել է, որ «հայոց բանաստեղծության» իր «կուռքը» Հ. Թումանյանն է, բայց եթե տիեզերագնաց լիներ և իր հետ միայն մի գիրք վերցնելու հնարավորություն ունենար, Տերյանի գիրքը կընտրեր: Դուք ո՞ր գիրքը կընտրեիք: 

 

Դրանք այնքան շատ են, որ... Այս պահին, այս հոգեվիճակում պատասխանս մեկն է. ինձ հետ կվերցնեի «Սասնա ծռեր» էպոսի համահավաք տեքստը: Ինչո՞ւ: Որովհետև առաջին գիրքն է եղել, որ ծնողներս գնել են ինձ համար հենց աշխարհ գալուս օրը: Որովհետև տատս ինձ պատմել է իր անուշ լեզվով, ու երբ տառաճանաչ էի և կարդում էի այդ գիրքը, ինձ թվում էր՝ տատս է խոսում ու պատմում: Որովհետև մեր ինքնության խտացումն է: Որովհետև խորապես ազգային ու համամարդկային է: Որովհետև... իմն է:

 

–Ո՞ր գրքերն են առանցքային նշանակություն ունեցել Ձեր կյանքում:

 

Մի գրքի մասին արդեն ասացի: Առանցքային նշանակություն են ունեցել այնպիսի գրքեր կամ հեղինակներ, ինչպիսիք են (ներողամիտ եղեք, եթե ցանկը երկար լինի)՝ Աստվածաշունչը, Նարեկը, Թումանյանը, Չարենցը՝ հատկապես «Ասպետականով», Հայ միջնադարյան ամբողջ գրականությունը, Մեծարենցն ու Տերյանը, Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», «Գիլգամեշը», վեդաները, Լաո Ցզին, Հոմերոսը, Դանտեն, Ֆիրդուսին, Խայամը, «Համլետը» և Շեքսպիրի մյուս գործերը, «Դոն Կիխոտը», Ռաբլեն, Գյոթեն, Վոլտերի «Կանդիդը», Սվիֆթը, Մելվիլի «Մոբի Դիկը», Բայրոնը, Պոն, Ուայլդը, Կաֆկան՝ «Կերպարանափոխությունը», «Դատավարությունը», «Դղյակը», Նիցշեն, Դոստոևսկին, Կամյուի «Սիզիփոսը», Հեմինգուեյի «Ծերունին և ծովը»,  Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Հաշեկի «Շվեյկը», Ջոյսի «Ուլիսեսը», անպայման Բորխեսը, Մարկեսը և լատինաամերիկյան մյուս մեծ գրողները, Ափդայքի «Կենտավրոսը», Հենրի Միլլերը, Էնրիկե Վիլա Մատասի «Բարթլբի և ընկերությունը», Խուան Խոսե Միլյասի «Այբբենական կարգով» գործը, «Աշխարհի ժողովուրդների առասպելները» գրքի երկու հատորն էլ, Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը»... Ինչքա՜ն շատ են, ու ինչքա՜ն քչերի մասին ասացի:

Ներկայացրի՝ ինչ այս պահին մտաբերեցի: Հերթականությունն այնքան էլ կարևոր չէ: Նաև քարոզեցի՝ կարդալ այդ գրքերը: Չէի կարող գոնե այդքանը չասել: Բայց այդպես շատ  կթվարկեմ: Առանցքային  նշանակություն ունեցել են հայ և համաշխարհային գրականության բոլոր մեծերի գրքերը, որոնք կարդացել եմ: Բոլորը չեմ կարող թվարկել և ցավ եմ ապրում ու մտովի ներում հայցում այն գրքերից ու հեղինակներից, որոնց չհիշատակեցի: Ցավ եմ ապրում, որ շատ գրքեր էլ չեմ կարդացել կամ այլևս չեմ կարողանա կարդալ: 

 

– Լինելով թարգմանիչ՝ ինչպե՞ս եք ընտրում այն գիրքը, որ պիտի թարգմանեք:

 

Նախևառաջ՝  գործը պետք է հոգուս հետ խոսի: Այդպես եմ թարգմանել և՛ Պոյի «Ագռավը», և՛ Ուայլդի արձակ բանաստեղծություններն ու «Ռեդինգյան բանտի բալլադը», և՛ Եսենինի «Սև մարդը», և՛ բոլոր մյուս չափածո կամ արձակ գործերը: Բնականաբար, պիտի որոշակի գրական բարձր արժեք ունենա գործը: Երբ ուսանող էի, շատ էի ուզում թարգմանել «Ռեդինգյան բանտի բալլադը»  (Ուայլդի անգլերեն երկհատորյակը և հեքիաթների գիրքն ունեի): Նույնիսկ մի քանի տուն, բանավոր, արդեն հայերեն հնչում էր գլխումս: Բայց թարգմանեցի վերջերս՝ մի հինգ տարի առաջ: Եվ մի տեսակ թեթևացած զգացի: Կարծես պարտքս կատարած լինեի:

Պատվերով կատարած թարգմանությունների մասին չասեմ. այդ գործն անում ես զուտ նյութական խնդիրներ լուծելու համար: Բայց, փառք Աստծո, հաճախ է պատահում, որ պատվիրվածն էլ է հոգուդ հետ խոսում: Այդպես եղավ, օրինակ, չին ժամանակակից հեղինակների պատմվածքների ժողովածուն անգլերենից թարգմանելիս: Եվ ես շատ ուրախ եմ: Ինչպես ասում են՝ երկու երանին մեկտեղվեցին:

 

 –Էդգար Ալլան Պոյի «Ագռավը» բանաստեղծության թարգմանիչներից եք: Հայ իրականության մեջ այդ բանաստեղծությունը թարգմանել են Խաչիկ Դաշտենցը, Վիգեն Բաբայանը, Աբրահամ Ալիքյանը, Սամվել Մկրտչյանը… Կա՞ն այլ թարգմանիչներ: Դուք ինչո՞ւ որոշեցիք թարգմանել հենց այս ստեղծագործությունը:

 

 –Այլ թարգմանիչներ էլ կան, որոնք այս կամ այն չափով հաջողել են: Բայց ամենահաջողածները հենց նշված թարգմանիչներն են: Եվ չզարմանանք, թե շատ են թարգմանիչները: Մեծ գործերը շատերն են թարգմանում: Միայն ռուսերեն՝ «Ագռավի» շուրջ երեք տասնյակ թարգմանություն կա: Պիտի իմանանք մեկընդմիշտ, որ բնագիրն անմահ է, թարգմանությունները կարող են հնանալ: Եվ հետո՝ ինչքան շատ թարգմանություն, այնքան ընտրության մեծ հնարավորություն՝ հատկապես բնագիրը չիմացող ընթերցողի համար:

Իսկ ինքս «Ագռավը»  որոշեցի թարգմանել, որովհետև սիրահարվեցի գործին, ինձ հրապուրեց նրա միստիկան: Դա մի գործ է, որը և՛ քննադատվել է շատ, և՛ գովաբանվել, որի թեմաներով բազմաթիվ պարոդիաներ են գրվել, և որը նաև համարվել է լավագույն բանաստեղծությունը գրականության ամբողջ պատմության մեջ:

Սկզբում ռուսերեն կարդացի, ապա բնագրով մի հատված կարդացի ինչ-որ տեղ, ու մեծ ցանկություն ինձ համակեց՝ գտնել ամբողջական բնագիրը և թարգմանել համաշխարհային գրականության այդ հոյակերտ սև ադամանդը, ինչպես բնորոշել է չեխ գրող Վիտեզսլավ Նեզվալը:

Այն ժամանակ համացանցի ընձեռած այսքան մեծ հնարավորությունները չկային: 1981 թվականն էր, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ուսանող էի: Մի օր մտա գրախանութ, տեսա ամերիկյան գրականության՝ նոր լույս տեսած անթոլոգիան, բացեցի պատահական մի էջ, հետաքրքիր զուգադիպությամբ՝ հենց այն էջը, որտեղ Պոյի «Ագռավն» էր... Եվ երկու օրում թարգմանեցի: Հետագայում միայն փոքրիկ շտկումներ եմ արել: Տաղաչափությունն ու ռիթմը, ներքին հանգերը, երաժշտականությունը, ալիտերացիա-ասոնանսները  փորձել եմ հնարավորինս փոխանցել իմ մայրենիով: Սկզբում ուզում էի ՝ nevermore (այլևս երբեք) ռեֆրենի հայերեն համարժեքը գտնել՝ էլ երբեք և այլն, բայց զգացի, որ այդ բառն անփոխարինելի է. շատ թարգմանիչներ անփոփոխ են թողել, բառը մտել է համաշխարհային պոեզիայի բառարան: Ռուս թարգմանիչներից մեկը՝ Վասիլի Բետակին, գտել է հնչողությամբ նման և իմաստով մոտ ռուսերեն համարժեք արտահայտությունը՝ не вернуть, որ շատ լավ է: Մինչև հիմա ես դեռ որոնում եմ այդպիսի մի բառ կամ արտահայտություն հայերենում և, ցավոք, չեմ գտնում:

 

 –Ի՞նչ տարբերություններ և ընդհանրություններ կան Ձեր և նրանց թարգմանությունների միջև: Ո՞ւմ թարգմանությունն եք ամենաշատը հավանում և ինչո՞ւ:

 

Տարբերությունները, բնականաբար, կապված են թարգմանիչների անհատականության, նրանց լեզվաոճական առանձնահատկությունների հետ: Նմանությունները՝ բնագրի և հեղինակի հետ են կապված: Բոլորս էլ փորձել ենք պահպանել տաղաչափությունը՝ վանկերի քանակը, հանգավորումը, ներքին հանգերը: Շատ երկար կարելի է խոսել այդ ամենի մասին, բայց դա արդեն հարցազրույցի սահմաններում չի տեղավորվի, հմուտ ընթերցողներն իրենք կարող են այդ ամենը տեսնել՝ կարդալով թարգմանությունները: Բոլոր նշված թարգմանություններն էլ հավանելու տեղեր ունեն, որովհետև հետաքրքիր լուծումներ են բերում, որոնց հետ կարող ես և համաձայն չլինել, բայց որոնց հետ հաշվի նստել արժե: Ինձ համար սրտամոտ է մեր անզուգական թարգմանիչներից մեկի՝ «Ուլիսեսի» թարգմանիչ, իմ ավագ գրչեղբայր, լուսահոգի Սամվել Մկրտչյանի թարգմանությունը հատկապես, քանի որ նա, բառացիությունից հեռանալով, գործը հայերեն ներկայացրել է բնագրի տաղաչափությունը պահելով, իմա՝ վանկաշեշտական տաղաչափությամբ: Իհարկե, դա հայերենին հատուկ չէ, բայց Սամվելը կարողացել է հիմնականում հաջող կերպով խնդիրը լուծել: Ալիքյանի թարգմանությունն էլ եմ բավականին հավանում: Խաչիկ Դաշտենցինը: Վիգեն Բաբայանը հաջողել է հանգերի ու որոշ ինքնատիպ լուծումների առումով, բայց ագռավը նրա թարգմանության մեջ կարծես թութակի է նմանվել. նա nevermore բառի փոխարեն գործածում է ժխտում արտահայտող տարբեր բառեր ու արտահայտություններ, որ հանգավորվում են նախորդ տողի վերջին բառի հետ: Բայց ռեֆրենը՝ nevermore բառը, չկա: Այդուհանդերձ՝ դա էլ ինքնատիպ լուծում է: Իսկ իմ թարգմանության մասին ե՛ս չէ, որ պիտի կարծիք հայտնեմ:

 

–1845թ. առաջին անգամ հրատարակվում է Է. Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը, իսկ մեկ տարի անց՝ 1846թ.-ին «Գրեմի» ամսագրում «Կառուցվածքի փիլիսոփայությունը» հոդվածը: Այստեղ Պոն ներկայացնում է «Ագռավի» ստեղծման պատմությունը և միևնույն ժամանակ բանաստեղծական արվեստի իր տեսությունը: Սա Պոյի «ինքնադատության փո՞րձ մը»-ն էր: 

 

Թերևս այո: Պոն ուզում էր ապացուցել, որ բանաստեղծությունն էլ կարելի է գրել՝ նախապես ծրագրավորելով այն ամենայն մանրամասնությամբ: Տեսաբան Պոն իր տեսությունը հիմնավորում է իր իսկ ստեղծածով: Այս մասին երկար կարելի է խոսել, սակայն հարցազրույցի սահմանները չեն բավականացնի: Բայց նաև կարծիք կա, թե նա պարզապես շատ հաջող ու լուրջ կատակել է՝ մոլորեցնելով ընթերցողներին, կամ էլ փորձել է ինքն իրեն խաբել, թե իրոք այդպես էլ եղել է: Ժամանակակիցներից ոմանք, հետագայում նաև Թոմաս Էլիոթը, այդ կարծիքին են, այսինքն՝ որ ոչ թե գործն է ստեղծվել հատուկ ծրագրած սխեմայով, այլ գործի հիման վրա է ստեղծվել «Կառուցվածքի փիլիսոփայությունը» հոդվածը: Բոլոր դեպքերում՝ պետք է հաշվի նստել բանաստեղծ և տեսաբան Պոյի հետ և համարել, որ սա այն դեպքն է, երբ երկուսն էլ ճիշտ են հավասարապես: Սրանում է Պոյի պարադոքսային հմայքը: 

 

–Խոսենք Է. Պոյի ֆրանսիացի թարգմանիչներից: Թեպետ մինչ ֆրանսիացի սիմվոլիստները Պոյի ստեղծագործությունն արդեն թարգմանվել էր ֆրանսերեն, այնուամենայնիվ ֆրանիացի գրող-թարգմանիչների՝ Շ. Բոդլերի և  Ս. Մալարմեի շնորհիվ նրա  ստեղծագործությունը ճանաչվեց թե՛  Ֆրանսիայում, թե՛ ամբողջ աշխարհում: Ի՞նչ կարծիքի եք Բոդլեր-Պո փոխառնչությունների մասին: Ըստ Ձեզ՝ Պոյի ստեղծագործությունը թարգմանելիս Բոդլերը հենվում էր սեփական աշխարհընկալման ու սեփական գեղագիտական արժեհամակարգի՞ վրա, թե՞ ձգտում էր պահպանել Պոյինը: 

 

– Այդ ամենի մասին կարելի է կարդալ գրականության պատմության գրքերում, տարբեր ուսումնասիրություններում: Դրա համար էլ՝ չմանրամասնենք, այլապես իմ պատասխան խոսքը դասախոսության տպավորություն կգործի: Ասեմ միայն, որ Պոյի գրական ժառանգությունից ֆրանսիացի սիմվոլիստները շատ բան են վերցրել՝ և՛ գեղարվեստական տեսության, և՛ բանաստեղծական սկզբունքի առումով, և որ համաշխարհային գրականության մեջ սարսափի գրականության, նաև՝ դեդեկտիվ և գիտական ֆանտաստիկայի ժանրերի հիմնադիր Էդգար Պոյին Ստեֆան Մալարմեն համարում էր սիմվոլիզմի հայրը, իր ուսուցիչը, իսկ Բոդլերը նրան համարում էր ուսուցիչ և ավագ եղբայր: Պոյի ստեղծագործությունների բոդլերյան թարգմանությունները մեծ պահանջարկ էին վայելում ընթերցողների շրջանում: «Ագռավն» սկզբում չափածո թարգմանելով՝ Բոդլերը հետո այն արձակ է թարգմանել, որպեսզի ավելի հավատարիմ մնա, բայց այն զրկել է տաղաչափությունից, այսինքն՝ կարելի է ասել, որ «հավատարիմ մնալով» բնագրին՝ Բոդլերն ինքն իրեն էր հավատարիմ մնում և ստեղծում արձակ բանաստեղծություն: Եվ այդտեղ երևում էր նրա անհատականությունը:

 

 –«Ագռավը» բանաստեղծությունը թարգմանել է նաև Մալարմեն: Ի՞նչ կասեք այս թարգմանության մասին:

  

Մալարմեի թարգմանությունն էլ արձակ թարգմանություն է: Նա ընդհանրապես հրաժարվել է չափածո թարգմանությունից՝ համարելով, որ անհնար է բնագրի երաժշտությունը հաղորդել այլ լեզվով: Այդ ավանդույթը գերիշխող դարձավ թարգմանության արևմտաեվրոպական և ամերիկյան դպրոցներում՝ ի տարբերություն ռուսականի:

Ես ինձ իրավունք չեմ վերապահում ավելի մանրամասնորեն խոսել «Ագռավի» ֆրանսերեն թարգմանությունների մասին, քանզի չեմ տիրապետում ֆրանսերենին, թեև շատ ուսումնասիրություններ ու վերլուծություններ եմ կարդացել թե՛ Բոդլերի, թե՛ Մալարմեի թարգմանությունների վերաբերյալ:

 

 –Ռուս իրականության մեջ «Ագռավը» բանաստեղծությունն ի թիվս այլ թարգմանիչների թարգմանել են նաև ռուս սիմվոլիստները՝ Բալմոնտը, Բրյուսովը: Ի՞նչ կասեք ռուսալեզու թարգմանությունների մասին:

 

 Ինչպես վերն ասացի, ռուսերեն թարգմանությունները շուրջ երեք տասնյակ են, և այսօր էլ ռուս թարգմանիչները շարունակում են թարգմանել, թարգմանական նորանոր լուծումներ գտնել այդ բանաստեղծության համար: Ռուս սիմվոլիստներին նույնպես հոգեհարազատ էր Պոն, նրա «Ագռավը»: Լավագույն ռուս բանաստեղծներն անգնահատելի գործ են արել՝ թարգմանելով այդ բանաստեղծությունը: Այդ թվում՝ սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչներ Կոնստանտին Բալմոնտն ու թարգմանական գործի անզուգական վարպետ Վալերի Բրյուսովը: Նրանց երկուսի թարգմանությունն էլ կարելի է համարել բավականին հաջողված և բարձրարվեստ, ամեն մեկն իրեն հատուկ հմայքով է օժտված: Մանրամասն վերլուծության չենթարկենք դրանք՝ հասկանալի պատճառներով: «Ագռավի» ռուսերեն  թարգմանությունների մասին հսկայածավալ գրականություն կա: Միայն նշեմ, որ թե՛ Բալմոնտը, թե՛ Բրյուսովը nevermore բառը թարգմանել են ռուսերեն՝ никогда կամ больше никогда (Բրյուսովը թարգմանել է նաև երկրորդ անգամ):  Հավելեմ նաև, որ ինձ համար ռուսերեն թարգմանություններից թերևս շատ հաջողված է Միխայիլ Զենկևիչի թարգմանությունը. Զենկևիչը պահպանել է անգլերեն nevermore ռեֆրենը: Եվ  թարգմանական հրաշալի գյուտ եմ համարում, ինչպես վերն ասացի, Վասիլի Բետակիի «не вернуть»-ը:

 

 –Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

 

Ես էլ եմ շնորհակալ: Կուզեի ասել, որ «Ագռավը» թեև թարգմանել եմ 38 տարի առաջ, բայց անվերջ ուզում եմ վերադառնալ ու կրկին թարգմանել, ավելի լավ տարբերակներ գտնել, գտնել nevermore-ի հայերեն համարժեքը: Հուսամ՝ ապագայի լավագույն թարգմանիչներից մեկը կստեղծի «Ագռավի» հայերեն բարձրարվեստ թարգմանությունը:

Հարցազրույցը՝ Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Back to top