поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նոյեմբերի 28-ին անսովոր աշխուժություն ու հուզմունք էր տիրում  ՎՊՀ  Erasmus+ լսարանում։ Վանաձորի ավագ դպրոցները ներկայացնող չորս  թիմեր  ու նրանց երկրպագուներն սպասում էին «Անգլերեն դարձվածքներ, առած-ասացվածքներ» մրցույթի մեկնարկին։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկ ամիս առաջ, երբ ՎՊՀ  օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Գայանե Մատինյանն այցելել էր   թիվ  5, 11,  «Էվրիկա» և ՎՊՀ հենակետային դպրոցները, աշակերտներին ներկայացրել նախատեսվող խաղ-մրցույթի պահանջներն ու առաջադրանքները: Նա դասախոսություն էր կատարել անգլերենի դարձվածաբանական արտահայտությունների, դրանց ծագման ու առանձնահատկությունների մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ էր տվել դպրոցների ուսուցիչներին՝ մրցույթին  լավագույնս նախապատրաստվելու համար։

Մրցույթի հանձնաժողովի կազմում, բացի ՎՊՀ օտար լեզուների ամբիոնը ներկայացնող երեք դասախոսներից (Լուսիկ Վարդանյան, Նելի Սիրունյան, Գայանե Մատինյան),  ընդգրկված էին նաև բոլոր մասնակից դպրոցների անգլերեն լեզվի  ուսուցիչները  (Թերեզա Մխիթարյան, Անժելա Օհանյան, Վալյա Գալոյան, Ինեսա Հակոբյան): Մրցույթը վարում էր ՎՊՀ շրջանավարտ, օտար լեզուների ամբիոնի դասախոս Անահիտ Փարեմուզյանը՝ յուրաքանչյուր առաջադրանք ներկայացնելով յուրովի՝ ոգևորելով մասնակիցներին:

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում օտար լեզուների ամբիոնի վարիչ և ռեսուրս կենտրոնի ղեկավար Լուսիկ Վարդանյանը խոսեց ամբիոնի  աշխատանքների մասին, ներկայացրեց նորաստեղծ ռեսուրս կենտրոնի  գործունեությունը և  նախատեսվող լայնածավալ աշխատանքները։

Դպրոց-բուհ կապերի պատասխանատու Գայանե Մատինյանը ողջունեց և հաջողություն մաղթեց թիմերին։

Մրցույթն անցավ գրավիչ ու անզիջում պայքարում; Առաջատարները փոխվում էին յուրաքանչուր առաջադրանքից հետո, և մինչև խաղի վերջին րոպեն անհնար էր գուշակել հաղթող թիմին։ Առանձին փուլերի միջև ընդմիջումների ընթացքում մասնակիցները ոգևորված կիսվում էին  իրենց տպավորություններով, երգում էին, հետաքրքիր պատմություններ պատմում։

Քանի որ թիվ 11 և ՎՊՀ ավագ դպրոցների   թիմերը հավաքել էին հավասար միավորներ, հանձնաժողովը որոշեց  թիմերի ավագներին տալ լրացուցիչ  առաջադրանք, որի արդյունքում հաղթող ճանաչվեց ՎՊՀ հենակետային վարժարանի թիմը։

Մասնակիցները  պարգևատրվեցին պատվոգրերով, մասնակցության վկայականներով  և ՎՊՀ-ի խորհրդանիշ-նվերներով: Նրանք հեռացան ոգևորված՝ ակնկալելով ստանալ օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպվող նոր  միջոցառումների հրավերներ:

Օտար լեզուների ամբիոնը և ռեսուրս կենտրոնն այս դիտարժան մրցույթը  նվիրեցին  մայր բուհի հիմնադրման կեսդարյա հոբելյանին:

Back to top