поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

 Իմ զրուցակիցը՝  գրականագետ, բ. գ. թ., դոցենտ Գայանե ՄԱԼՈՒՄՅԱՆԸ, երկա՜ր-երկա՜ր պատմում է գրականության, սիրելի գրողների ու գրական ամենաչքնաղ ստեղծագործությունների մասին,  բայց նայած՝ երբ, նայած՝ որտեղ: 

 

– Գիրք, որ մշտապես Ձեր սեղանին է:

 

 Մշտապես մի գիրք չի եղել, բազում են:

 

 – Կա՞ն գրքեր, որոնց դերն անգնահատելի է Ձեր կայացման գործում:

 

 Իհարկե կան, բայց թվարկել հնարավոր չէ. կյանքի տարբեր շրջաններում փոխվել են՝ տեղը զիջելով մյուսներին:

 

 – Մարդիկ այսօր իրենց ազատ ժամանակն անցկացնում են սոցցանցերում: Ըստ Ձեզ՝ մարդկանց և գրականության միջև խզո՞ւմ կա, մարդիկ հեռացե՞լ են գրականությունից:

 

 Գրականությունից՝ ո´չ, ընթերցանությունից՝ այո´:

 

 – Ինչպե՞ս ուղղորդել դեպի գիրքը: Գրքի նկատմամբ ինչպե՞ս հետաքրքրություն առաջացնել:

 

 – Շատ ենք ջանում, բայց դարաշրջանի պահանջն է՝ տեմպ, արագընթացություն, շտապողականություն, տեղեկատվության հարահոս: Մինչդեռ գիրքը պահանջում է հանդարտություն, համբերություն, ընկալունակություն, վերընթերցում, պատկերայնություն, գնահատում,  մանրամասների կռահում և այլն: 

 

 – Ձեր կարծիքով՝ ի՞նչ են կարդում հիմա երիտասարդները:

 

 Ամեն ինչ կամ ոչինչ. չեմ կարող ասել:

 

 Շատերը դասական գրականություն չեն կարդում տարբեր պատճառներով: Վերջին շրջանում «նորաձև» է դարձել դասականամերժությունը: Ի՞նչ կասեք այս մասին: 

 

 Դասականների լեզուն այսօր կարող է լուրջ խոչընդոտ լինել. սա պիտի ընդունել: Ես չեմ կարող մեղադրել երիտասարդներին, որոնց համար Մուրացան, Րաֆֆի կարդալը դյուրին չէ. մի երկու էջից հետո կփակեն գիրքը: 

 

 Ըստ Ձեզ՝ հայ ընթերցողը գնահատո՞ւմ է իր գրականությունը:

  

 Նայած՝ ընթերցող, նայած՝ գիրք. միանշանակ պատասխանել չի լինի: Սակայն պիտի ընդունել, որ յուրաքանչյուր տարիք իր սիրելի ու ընկալելի գրքերն ունի. չարժե «կարգը» խախտել: 

 

 – Հայ ո՞ր գրողին Նոբելյան մրցանակ կտայիք և ինչո՞ւ: 

 

 Հրանտ Մաթևոսյանին. «ինչո՞ւ»-ն նրա ստեղծագործության վերլուծությունը կպահանջի:

 

 Ինչպիսի՞ն պիտի լինի գրական ստեղծագործությունը, որ Ձեր մեջ հետաքրքրություն առաջացնի:

 

 Գրքեր կան, որոնք առաջին իսկ էջից գրավում են, կան և համբերություն պահանջող գրքեր: «Հարյուր տարվա մենությունը» որոշակի տարիք և համբերություն է պահանջում, իսկ ասենք Օրուելի «1984»-ը կարդացվում է մի շնչով: Բայց ես ավելի սիրով վերընթերցում եմ առաջինը, իսկ երկրորդը երբեք այլևս չեմ փորձի. «ծանր» գլուխգործոց է:

 

 – Պե՞տք է արդյոք մի կողմ դնել գիրքը, որ դուր չի գալիս:

 

 – Այո, տարիներ հետո կրկին կփորձես կարդալ, գուցե հետո այլ աչքով ու մտքով նայես: Ինձ հետ եղել է. Հ. Մաթևոսյանի «Տերը» երկու անգամ մի կողմ դրեցի. ժամանակը չէր եկել: Հիմա իմ շատ սիրելի երկերից է, վերընթերցում եմ, երբ ուզում եմ ինձ հաճույք պատճառել. հոդված էլ եմ գրել:

 

 – Համացանցում շատ են հանդիպում «Գիրք, որ պետք է կարդա յուրաքանչյուրը», «100 գիրք, որ պետք է կարդալ» և նմանատիպ վերնագրերով ցանկեր: Ինչպե՞ս պետք է գիրք ընտրել:

 

 – Ճաշակի հարց է, բայց հիմնականում խոսքը հռչակավոր երկերին է վերաբերում: Գրքեր կան, որոնք չիմանալն ամոթ է համարվում, և շատերը կարդում են, որ ամոթով չմնան, ընդ որում կարդում են մի կերպ, թերթում են անիմաստ: Դա չեմ կարող ընդունել:

 

 – Այլ մասնագիտությունների տեր մարդկանց՝ մաթեմատիկոսներին, կենսաբաններին և այլն,  ինչպե՞ս բացատրել,  թե ինչու է կարևոր գրական ստեղծագործության ուսումնասիրությունը:

 

 – Բացատրելու կարիք չկա. հանձնարարում եմ գիրքը, կարդում են և սիրով քննարկում: 

 

  Եթե Դուք որոշ ժամանակով հայտնվեիք անմարդաբնակ կղզում, բայց Ձեզ հետ լիներ Ձեր գրադարանը, կձանձրանայի՞ք առանց մարդկանց:

 

 – Հենց որ հայտնվեմ այդ իրավիճակում, խոստանում եմ պատասխանել…

Հարցազրույցը՝ Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

Back to top