поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Այս տարի լրացավ Վանաձորի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակը: Կեսդարյա գոյության ընթացքում բուհը կարևոր դերակատարություն է ունեցել մարզի գիտական, կրթական, մշակութային կյանքում` պատվախնդրորեն կատարելով իր առաքելությունը:

Բուհի հիմնադրման, գործունեության ընթացքում հաղթահարած դժվարությունների, առաջին դասախոսների և ուսանողների մասին զրուցեցինք համալսարանի «տարեկից» դասախոս, պրոֆեսոր, բ. գ. դ. Թերեզա ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ հետ: Նա խոսքի ետևից երկար ման չեկավ, ամենայն մանրամասնությամբ սկսեց պատմել…

 

Կես դար շարունակ ինստիտուտը տարեցտարի փոխվել ու զարգացել է իմ աչքի առջև, բայց ինձ համար միշտ եղել է շատ թանկ ու անփոխարինելի աշխատավայր, դա է պարճառը, որ երբեք չեմ մտածել այլ բուհ կամ այլ աշխատավայր տեղափոխվելու մասին…

 

ՎՊՀ-ն` նախկին Կիրովականի պետական մանկավաժական ինստիտուտը, անգնահատելի դերակատարում ունեցավ Լոռու, մասնավորապես Կիրովականի հասարակական կյանքում: Տեխնիկական բուհ արդեն տասը տարի կար` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղը: Հումանիտար կրթություն ստանալու բացառիկ հնարավորություն տվեց մեր կրթօջախը, որի համար երախտապարտ ենք այն ժամանակվա ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին, որի շնորհիվ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հենքի վրա բացվեց մեր ինստիտուտը: Լոռեցի բազմահազար շնորհալի երիտասարդներ հնարավորություն ունեցան բարձրագույն կրթություն ստանալու մեր քաղաքում` ազատվելով նյութական և առօրեական բազմաթիվ հոգսերից, որոնց միջով պիտի անցնեին` տնից հեռու գտնվելու պատճառով:

 

Ինստիտուտը նախկինում զբաղեցնում էր կայարանամերձ այգու հարևանությամբ գործող գիշերօթիկ դպրոցի շենքը, իսկ 1973 թ. տեղափոխվեց այսօրվա տարածքը:

 

1969-1970 ուստարում գործում էր միայն Երևանից տեղափոխված հեռակա բաժինը:

1970 թվականին զուգահեռաբար բացվեց առկա բաժինը: Ռեկտորը պատմաբան, պ. գ. դ., պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանցն էր (հետագայում` Տելեմակ Վարդումյան, Գևորգ Խռլոպյան, Սերգեյ Մերգելյան, Ռաֆիկ Եդոյան, Գուրգեն Խաչատրյան), պրոռեկտորները` փ. գ. թ., դոցենտ Գևորգ Կարապետյանը` ուսումնական աշխատանքների գծով, մ. գ. թ., պրոֆեսոր Հայկ Արզումանյանը` գիտական աշխատանքների գծով:

Ինստիտուտն ուներ հինգ ֆակուլտետ: Դեկաններից երեքը, ինչպես նաև ամբիոնների վարիչներից շատերը եկան Երևանից: Բանասիրական ֆակուլտետը ղեկավարում էր մ. գ. թ., դոցենտ Հակոբ Մխիթարյանը, ֆիզմաթ ֆակուլտետը` մ. գ. թ., դոցենտ Սերոբ Իսրայելյանը, կենսաբանական ֆակուլտետը` կ. գ. թ., դոցենտ Սուրեն Թովմասյանը, մանկավարժության և պատմության ֆակուլտետների դեկանները տեղացիներ էին` Մելս Սանթոյանը և Արտյոմ Անդրեասյանը. նրանք տեղափոխվեցին պոլիտեխնիկականի մասնաճյուղից, բայց դեռևս գիտական աստիճան և կոչում չունեին: Հայոց լեզվի, գրականության, պատմության, գիտական կոմունիզմի, մաթեմատիկայի, մանկավարժության, կենսաբանության ամբիոնների վարիչները եկել էին բուհի հետ` Երևանից. բոլորն էլ գիտությունների թեկնածուներ, դոցենտներ էին (Հովհաննես Ադամյան, Դմիտրի Նազարյան, Միքայել Սողոմոնյան, Սուրեն Հովնանյան, Լևոն Սաֆարյան, Գևորգ Հարությունյան, Պողոս Սվաճյան), իսկ փիլիսոփայության և տնտեսագիտության, ֆիզիկայի, քիմիայի, ռուսաց և օտար լեզուների ամբիոնների վարիչները տեղացիներ էին և տեղափոխվել էին պոլիտեխնիկականից (Վլադիմիր Այվազյան, Էդուարդ Շահնազարյան, Ալեքսանդր Կարգանյան` բոլորն էլ գիտական աստիճանով և կոչումով, և Նինել Բելյաևա` ավագ դասախոս): Հետագայում ՎՊՀ դասախոսական կազմը համալրվեց ԵՊՀ բազմաթիվ շրջանավարտներով. պրոռեկտորներ` Շվայցիկ Սահակյան, Աշոտ Սահակյան, Վիլեն Քոչարյան, շատ ավելի ուշ` Վանո Եղիազարյան, ամբիոնների վարիչներ` Հրաչիկ Ղազարյան, Տիգրան Ավետիսյան, Ալբերտ Սահակյան, Ռոդիկ Ավագիմյան, Արամ Խաչատրյան, Աշոտ Առաքելյան, Էդուարդ Ալավերդյան, Վիլյամ Սարգսյան, Վահրամ Բաղդասարյան, Սամվել Ապրեսյան, Արտիկ Պապոյան, դասախոսներ` Մհեր Բեժանյան, Դավիթ Գյուլզատյան և ուրիշներ:

Ինստիտուտն ուներ հարուստ գրադարան, որի առաջին վարիչը Վլադիկ Մարտիրոսյանն էր, սակայն անպատասխանատու մարդկանց պատճառով այն թալանվեց, հատկապես երկրաշարժից հետո:

 

Մշտապես եղել են խնդիրներ, բայց դրանք եղել են հաղթահարելի…

 

Կոլեկտիվը միասնաբար դիմակայեց երկրաշարժի արհավիրքներին: Հետերկրաշարժյան տասը և ավելի տարիներին ուսուցման գործընթացը կազմակերպվեց տնակային պայմաններում` զուրկ նորմալ ջեռուցման և լուսավորության պայմաններից, բայց կոլեկտիվի սերուցքը չլքեց ինստիտուտը և իր խաչը կրեց պատվախնդրորեն: Այդ տարիներին ուսանողների թիվը ոչ միայն չնվազեց, այլև բազմաթիվ նոր բացված մասնագիտությունների շնորհիվ կրկնապատկվեց:

Այսպես` մանկավարժության ֆակուլտետում բացվեցին նաև բակալավրիատի «Հոգեբանություն», «Սոցիալական մանկավարժություն», «Կերպարվեստ», «Երաժշտական կրթություն», մագիստրատուրայի «Կրթության կառավարում», «Հոգեբանություն», «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մասնագիտությունները: Նախկինում գործել էին նաև «Նախադպրոցական մանկավարժություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Մանկավարժություն և սոցիոլոգիա» (բակալավրի) և «Կրթության կազմակերպում» (մագիստրոսի) մասնագիրությունները: Բանասիրական ֆակուլտետում հետագայում բացվեցին բակալավրիատի «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Թարգմանական գործ», «Լրագրություն», և մագիստրատուրայի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունները: Պատմության ֆակուլտետում հիմնական մասնագիտության հետ սկսեցին գործել բակալավրատի «Կառավարում», «Իրավագիտություն», «Սերվիս», մագիստրատուրայի` «Կառավարում», «Պատմություն» մասնագիտությունները: Ֆիզմաթ ֆակուլտետը համալրվեց բակալավրիատի «Ռադիոֆիզիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», մագիստրատուրայի` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» մասնագիտություններով, իսկ կենսաբանաքիմիական ֆակուլտետը` բակալավրիատի «Դեղագործական քիմիա», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «Բնապահպանություն և բնօգտագործում», մագիստրատուրայի «Կենսաբանություն» մասնագիտություններով:

 

Մեր առաջին դասախոսները Երևանից ժամանող պատկառելի գիտնականներ էին.

 

Սերգեյ Աբրահամյան, Վարագ Առաքելյան, Հրանտ Թամրազյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուսեթ Հովհաննիսյան, Ռոզա Մկրտչյան, Վազգեն Հակոբյան, Ազատ Համբարյան, Գրիգոր Կարախանյան, Ալեքսանդր Թևոսյան: Երևանից ժամանած դասախոսների գերխնդիրը տեղում կրթության սահուն, անխաթար կազմակերպումը և տեղացի կադրերի պատրաստումն էր. այդ երկուսն էլ կյանքի կոչվեցին հիմնավորապես:

Տեղացի դասախոսները մեր քաղաքի և հարակից շրջանների լավագույն ուսուցիչներն էին և մեր գերազանցիկ շրջանավարտները: Նրանք բոլորն էլ կարողացան հեշտությամբ ինտեգրվել բարձրագույն կրթությանն ու առաջին քայլերը կատարել գիտության բնագավառում: Ինստիտուտի կազմավորման առաջին երկու տասնամյակներում արդեն տեղացի մասնագետները ձեռք բերեցին գիտական աստիճաններ ու կոչումներ: Նրանցից էին Վազգեն Գասպարյանը, Ռիմա Գևորգյանը, Ելենա Վարդանյանը, Վերա Ամիրխանյանը, Ժորա Հախինյանը, Ռոբերտ Սահակյանը, Վանիկ Միկիչյանը և շատ ուրիշներ: Բավական է հիշատակել այն փաստը, որ մեր բուհի ղեկավարների, ստորաբաժանումների ղեկավարների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների ծանրակշիռ մասը մեր շրջանավարտներն են: Այսպես` ռեկտորի պաշտոնում 12 տարի աշխատել է Գուրգեն Խաչատրյանը, պրոռեկտորի պաշտոնում` Սուսաննա Թումանյանն ու Արեն Սանթոյանը, ուսումնական վարչության պետի պաշտոնում` Անուշ Գևորգյանը, դեկանի պաշտոնում` Զարուհի Վարդանյանը, Ալբերտ Պողոսյանը, Հերմինե Գրիգորյանը, Լուսինե Կոստանդյանը, ամբիոնի վարիչի պաշտոնում` Պարգև Գևորգյանը, Ֆելիքս Մովսիսյանը, Գագիկ Եթիմյանը, Հասմիկ Հարությունյանը, Վալերի Փիլոյանը, Լուսինե Վարդանյանը, Մերի Կիրակոսյանը և դասախոսակաան կազմի գրեթե 90 տոկոսը` Արմեն Հարությունյան, Լիզա Հարոյան, Ալվարդ Մակարյան, Խորեն Գասպարյան, Լիլիթ Բաղդասարյան, Անահիտ Հովհաննիսյան, Քարմիլե Վիրաբյան, Մարգարիտա Շահվերդյան, Վանանե Միրզոյան, Հայկ Ավագիմյան, Մարիաննա Մազմանյան, Վահան Ղույումչյան, Հեղինե Մելքոնյան, Լիլիթ Պետրոսյան, Նառա Անտոնյան, Հասմիկ Բարխուդարյան, Գայանե Մալումյան, Արտակ Սարուխանյան, Գայանե Հովիվյան, Արման Բերնեցյան, Արմենուհի Հարությունյան, Արմինե Գևորգյան, Շուշան Քառյան, Արմինե Ղազարյան, Լիլիթ Սարուխանյան, Աննա Առաքելյան և շատ ուրիշներ:

 

Երիտասարդ դասախոսներն այդ տարիներին բախվեցին շատ դժվարությունների:

 

Մատենադարանը, հանրային գրադարանը, «Պատմա-բանասիրական հանդես», «Լրաբեր», «Բանբեր Երևանի համալսարանի» և նման պարբերականների խմբագրություններ գտնվում էին Երևանում: Ասպիրանտները, հայցորդները ղեկավարներին հանդիպելու, համապատասխան ուղղորդումներ ստանալու համար մեկնում էին Երևան: Որպես բանասեր` նկատել եմ, որ այժմ հետազոտողը շատ մեծ հնարավորություններ ունի ցանկացած հարցի վերաբերյալ համացանցից իր ուզած տեղեկատվությունը ստանալու: Մուտքագրված են դասական գրողների լավագույն գործերը, գիտական գրականությունը: Մեր ժամանակներում մեծագույն շռայլություն էր համարվում 5-րդ դարի մատենագիրների համաբարբառները ձեռք բերելը: Մեր քաղաքում դրանք ունեինք Գուրգեն Խաչատրյանն ու ես: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո խոստացել էի բոլորը նվիրել մեր համալսարանի գրադարանին. նվիրեցի ոչ միայն համաբարբառները, այլև Հր. Աճառյանի «Արմատական բառարանն» ու «Լիակատար քերականության» բոլոր հատորները: Մնացած արժեքավոր գրքերս կնվիրեն ինձնից հետո. այդպես եմ պատվիրել:

 

Ինստիտուտի կյանքը փոխվել է այնպես, ինչպես մեր ողջ հասարակարգը: ՎՊՄԻ-ն դարձավ ՎՊՀ, անվանակոչվեց Մեծ Լոռեցու` Հովհաննես Թումանյանի անվամբ:

 

Անկախության տարիներից հետո եղան նոր մարտահրավերներ: Խորհրդային կրթական համակարգը ԽՍՀՄ-ի պես փլուզվեց, և ՀՀ կրթական համակարգը ինտեգրվեց Բոլոնյան համակարգին, որը նորություն էր մեզ համար, բայց մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները, լիցենզավորել մեր մասնագիտություններն ու հավատարմագրել մեր համալսարանը:

 

Համալսարանի կայացման գործում իմ ներդրումը 50 տարվա իմ դասախոսություններն են

 

«Հայոց լեզվի պատմությունից», «Գրաբարից», «Ժամանակակից հայոց լեզվի» տարբեր մակարդակներից: Իմ բազմաթիվ հոդվածներն են, մենագրությունները, հատկապես` բուհական ձեռնարկները (վերջինը` համահեղինակությամբ):

 

Ես երբեք չեմ տարբերակել հին ու նոր սերունդներին:

 

Զայրանում եմ, երբ ոմանք ասում են` նախկին սերունդը ուրիշ էր: Իմ աչքում բոլորն էլ ուրիշ են, ոչ մեկը նման չէ մյուսին, արդյունքում` բոլորն էլ հավասարաչափ սիրելի են, պարզապես ժամանակի մարտահրավերներն են տարբեր: Այսօրվա երիտասարդը չի կարող կես քայլ կատարել` առանց օտար լեզուների իմացության, առանց համակարգչի ու համացանցի:

 

Առաջին, նաև հետագա տասնամյակների լավագույն շրջանավարտներից էին

 

 Հրաչյա Սարուխանը, Լուսյա Հարությունյանը, Թովմաս Պողոսյանը, Սամվել Զուլոյանը, Արշալույս Փայտյանը, Գայանե Սարուխանյանը, Հրաչյա Մարտիրոսյանը, Գայանե Հովսեփյանը, Սամվել Խալաթյանը, Նարինե Ավետիսյանը, Արա Սիմոնյանը, Ալլա Հովհաննիսյանը, Վազգեն Վանատուրը, Հրաչյա Սարիբեկյանը, Ֆահրադ Ափուջանյանը, Վահան Գասպարյանը, այսօրվա մեր համալսարանի ղեկավարության և դասախոսական կազմի 90 տոկոսը, քաղաքի մտավորականության, ուսուցիչների սերուցքը: Շատ են… անունները չես կարող մի քանի էջում տեղավորել:

 

Վերջաբանի փոխարեն…

 

Մեր դասախոսներին և ուսանողներին մաղթում եմ, որ երբեք մանրախնդրության ու խարդավանքի զոհ չդառնան, լինեն գնահատված ու արժևորված, վեր կանգնեն բոլոր տեսակի բանսարկություններից, քայլեն ժամանակի պահանջներին համընթաց և ամենակարևորը` լինեն հայրենասեր:

 

Հարցազրույցը` Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Back to top