поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանը մի  առիթով իր մտահոգությունն է հայտնել. «Իմ փորձից, իմ զգացողությունից ասեմ, որ ես իմ ընթերցողին չեմ տեսնում: Չեմ տեսնում ծառուղու վերջում նստած այդ աղջկան, որ իմ գիրքը ծնկներին դրած կարդում է, և ես իր համար հերոս եմ: Վախենամ, որ կորցրել ենք բոլորս: Բայց համարեմ, որ դա ժամանակավոր վիճակ է»:

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհիներ Մարինե ՔԱԼԱՇՅԱՆԻ, Վարդուհի ՍԱՐԳՍՅԱՆԻ, Տաթևիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ և Անահիտ ԱԶԱՐՅԱՆԻ հետ այս զրույցը հուշում է, որ գրողի մտահոգությունն իզուր էր. գրականությունը չի կորցրել իր ամենահավատարիմ ընթերցողին՝ գիրք կարդացող աղջկան... 

 

«Գտե՛ք այնպիսի մի աղջկա, որը կարդում է: Դուք կհասկանաք դա, որովհետև նա իր պայուսակում դեռևս չավարտած գիրք ունի: Նա մեկն է, ով սիրով նայում է գրախանութի դարակներին դարսված գրքերին, ով զսպված ճիչ է արձակում, երբ գտնում է իր փնտրած գիրքը: Տեսնո՞ւմ եք այն խորհրդավոր թռչնակին, որը շնչում է հին գրքերի բույրը օգտագործված գրքերի խանութում. նա՛ է ընթերցողը: Նրանք չեն կարողանում ընդդիմանալ էջերի բույրին, հատկապես երբ դրանք մաշված ու դեղին են»: (Ռ. Ուրքիկո)

 

–  Ձեր ամենասիրելի գրողը:

 

Մարինե – Ամենասիրելի գրողներս  տարիքի հետ անընդհատ փոփոխվել են: Դեռ պատանեկությունից երկար ժամանակ համարել եմ, որ ամենասիրելի գրողս Րաֆֆին է, հետո՝ Սոմերսեթ Մոեմը, հետո՝ Ալբեր Քամյուն, հետո՝ Հրանտ Մաթևոսյանը: Ինչքան նոր հեղինակների եմ ծանոթանում, այնքան այս շարքը երկարում է,  և որևէ  մեկին առանձնացնելը դժվար է դառնում։ 

 

Վարդուհի   Շատ են այն գրողները, որոնց սիրում եմ, բայց նրանցից կառանձնացնեմ Հ. Թումանյանին, Ա. Բակունցին, Հ. Մաթևոսյանին։

 

Տաթևիկ     Սիրելի գրողները շատ են, բայց  այս պահին կնշեմ Հ. Թումանյանին և Գ. Մոպասանին։

 

Անահիտ   Չեմ կարող առանձնացնել որևէ գրողի:

 

–   Ամենասիրելի գիրքը:

 

Մարինե – Ամենասիրելիներից են Դ. Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո», Մ. Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Ռ. Հովսեփյանի «Ծիրանի ծառերի տակ», Ֆ. Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը», Պ.  Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» գրքերը։

 

Վարդուհի   Ա. Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»,  Հ. Մաթևոսյանի «Ծառերը»,  «Աշնան արևը», Ռ. Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»։

 

Տաթևիկ    Մ. Բուլգակով՝ «Վարպետը և Մարգարիտան», Ֆ. Դոստոևսկի՝ «Ոճիր և պատիժ», Դ. Դեմիրճյան՝  «Վարդանանք»։

Անահիտ  Ունեմ սիրելի գրքեր, բայց չեմ կարող առանձնացնել նրանցից մեկը. երևի դեռ չեմ կարդացել ամենասիրելին: 

 

  Ո՞ր տարիքից եք սկսել գիրք կարդալ:

 

Մարինե  Երբ սկսում ես կարդալ՝ կարդալ սիրով, այլ ոչ թե հանձնարարությամբ կամ պարտադրանքով, այն դառնում է սովորություն, հետո՝ բնավորության գիծ: Դրա համար էլ հիմա դժվար է հստակ տարիք նշել, քանի որ թվում է՝ այն միշտ է ուղեկցել բնավորության մյուս գծերի նման։

 

Վարդուհի   Գիրք սկսել եմ կարդալ 8 տարեկանից. կարդում էի հեքիաթներ։ Առաջին անգամ գեղարվեստական գիրք կարդացել եմ 5-րդ դասարանում (Վ. Անանյանի «Հովազաձորի գերիները»  գիրքն էր)։

 

Տաթևիկ    Կարդալ սկսել եմ  7 տարեկանից, և, ինչպես ասել է Մարիո Վարգաս Լյոսան, դրանից կարևոր իրադարձություն իմ կյանքում այլևս չի եղել։

 

Անահիտ  Կարդալ սկսել եմ 11 տարեկանից: Այսօրվա պես հիշում եմ. հեռուստացույցով հաղորդում էի դիտում Վախթանգ Անանյանի և նրա արկածային գրականության մասին: Խոսում էին «Հովազաձորի գերիները» գրքից: Հետաքրքեց, որոշեցի կարդալ:

 

Դասակա՞ն շրջանի գրականություն եք սիրում կարդալ, թե՞ ժամանակակից:

 

Մարինե – ­ Երկուսն էլ հաճույքով եմ կարդում, պարզապես եթե դասականի դեպքում ժամանակն արել է մեր գործը և մեզ թողել ընտրված գրականություն, ապա ժամանակակից գրականության դեպքում ընտրություն կատարելը առավել պատասխանատու է։

 

Վարդուհի   Մասնագիտության բերումով դասական գրականության մեծ մասին արդեն ծանոթ  եմ, ուստի  վերջերս սկսել եմ կարդալ ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Հատկապես տպավորել են  Հովհաննես Երանյանի,  Սուսաննա Հարությունյանի պատմվածքները:

 

Տաթևիկ Որպես ապագա մասնագետ՝ ես  պարտավոր եմ կարդալ երկուսն էլ, բայց նախընտրում եմ դասական գրականություն։

 

Անահիտ Միանշանակ՝ դասական: 

 

  Հայ գրողներից ո՞ւմ  ստեղծագործությունն  է հոգեհարազատ: 

 

Մարինե –  ­­Եթե հոգեհարազատությամբ առաջնորդվեմ, ապա դասականների շարք կստացվի՝ Հ. Թումանյան,  Հ․ Մաթևոսյան, Հ․ Սահյան, Ռ․ Հովսեփյան, Լ․ Խեչոյան։ Այս շարքին կավելացնեմ նաև Գուրգեն Խանջյանին, Սամվել Զուլոյանին և Արամ Պաչյանին։ Շատ սիրելի են նաև սփյուռքահայ գրողները։

 

Վարդուհի Ինձ հոգեհարազատ են Պ.  Սևակի, Ե. Չարենցի, Հ. Մաթևոսյանի, Ա. Բակունցի ստեղծագործությունները։

 

Տաթևիկ    Հոգեհարազատ են Ա. Բակունցի,  Հ. Պարոնյանի, Պ. Սևակի, Հ. Սահյանի ստեղծագործությունները:

 

Անահիտ  Բանաստեղծներից հոգեհարազատ է Եղիշե Չարենցի ստեղծագործությունը, արձակագիրներից՝  Ակսել Բակունցինը: 

 

  Համաշխարհային գրականությունից ո՞ր գրողներին եք սիրում և ի՞նչ գրքեր եք կարդացել:

 

Մարինե  Համաշխարհային գրականության մեջ շատ են գրքերը, որոնք անընդհատ կարող եմ վերընթերցել, օրինակ՝ Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շ. Բոդլերի «Չարի ծաղիկները» և այլն։ Սիրում եմ կարդալ Ա. Քամյու, Ֆ. Կաֆկա, Հ. Հեսսե, Օ. Ուայլդ, Կ. Չապեկ, ինչպես նաև Շեքսպիր, Ջ. Բայրոն, Ստենդալ։ Վստահ եմ՝ այս շարքը դեռ շատ է համալրվելու, փոփոխվելու, որովհետև բազամաթիվ գրողների դեռ նոր պիտի ծանոթանամ։

 

Վարդուհի  – Է. Վոյնիչ՝ «Բոռ», Ջ. Օսթին՝ «Հպարտություն և նախապաշարմունք», Ֆ. Ֆիցջերալդ՝ «Մեծն Գեթսբին», Գ. Մարկես՝ «Նահապետի աշունը», «Հարյուր տարվա մենություն», «Գնդապետին ոչ ոք չի գրում», Մ. Բուլգակով՝ «Վարպետը և Մարգարիտան», «Շան սիրտը», Շեքսպիրի գրեթե բոլոր ստեղծագործությունները։ Այս ցանկում այլ հեղինակներ ու գրքեր ևս կան, սակայն առանձնացրել եմ  ամենասիրելիները։ 

 

Տաթևիկ   Շատերին եմ սիրում ՝ Ա. Դյումա, Ա. Էքզյուպերի, Օ. Բալզակ, Է. Ռեմարկ, Վ. Հյուգո, Պ. Կոելյո, Ա. Պրևո, Գ. Մոպասան, Գ. Մարկես։ Այս շարքը շատ երկար է։ Փորձում եմ յուրաքանչյուր գրողից գոնե մի քանի ստեղծագործություն անպայման կարդալ: 

 

Անահիտ  Սիրում եմ հատկապես Վ. Հյուգոյին, Է. Մ. Ռեմարկին, Կ. Աբեին, Ստենդալին: Կառանձնացնեմ Հյուգոյի «Փարիզի աստվածամոր տաճարը», Է. Ռեմարկի «Հաղթական կամարը», Կ. Աբեի «Ուրիշի դեմքը», Ստենդալի «Կարմիրը և սևը»: 

 

  Արձա՞կ,  թե՞  չափածո գործեր եք կարդում:

 

Մարինե  Երևի թե արձակին ավելի շատ ժամանակ եմ տրամադրում, բայց սիրում և կարդում եմ նաև չափածո ստեղծագործություններ։

 

Վարդուհի   Հավասարապես երկուսն էլ կարդում եմ, որովհետև թե՛ արձակում, թե՛ չափածոյում գտնում եմ այն, ինչ հոգեհարազատ է ինձ, կամ այն,  ինչ ցանկանում  եմ տվյալ պահին։

 

Տաթևիկ    Սիրում եմ կարդալ  արձակ, բայց կախված տրամադրությունից՝ կարդում եմ նաև չափածո գործեր։

 

Անահիտ  Առավելապես կարդում եմ արձակ: 

 

  Մեկ ամսվա ընթացքում քանի՞ գիրք եք կարդում:

 

ՄարինեԿախված է նրանից, թե ինչ գիրք եմ կարդում։ Կան գրքեր, որոնք պիտի  դանդաղ կարդալ, որոշ գրքեր էլ հնարավոր չէ վայր դնել, մինչև չավարտես։ Ամեն դեպքում մեկ ամսվա ընթացքում կարդալիք գրքերը շատ են լինում, քանի որ անձնական ընտրությամբ կարդալու գրքերին գումարվում է նաև հանձնարարված գրականությունը։ 

 

Վարդուհի  Չեմ կարող նշել, թե քանի գիրք եմ կարդում, որովհետև երբեք չեմ պլանավորում, թե ինչ պետք է կարդամ վաղը կամ մի քանի օր  հետո։ Լինում են ամիսներ, երբ իրար հետևից մի քանի գիրք եմ կարդում, սակայն լինում է նաև այնպես, որ մի գիրք կարդալուց հետո դադար եմ տալիս այն  ավելի լավ հասկանալու համար:

 

Տաթևիկ      Մոտավորապես 10 գիրք,  բայց աշխատում եմ ավելի շատ կարդալ։

 

Անահիտ  Մասնագիտական գրականությանը զուգահեռ ամսվա ընթացքում կարդում եմ մեկ կամ երկու գիրք իմ ընտրությամբ:  

 

 Ձեր սիրելի գրական կերպարը:

 

Մարինե Գիրք կարդալիս ինքնաբերաբար որևէ սիրելի կերպար առանձնացնում եմ, ու դա պարտադիր չէ՝ լինի այն կերպարը,  որի տեսակետներին համաձայն եմ։ Սիրելի կերպարներս շատ են, բայց կառանձնացնեմ Ստենդալի Ժուլիեն Սորելին, Պ. Զեյթունցյանի Արշակին, Ս. Մոեմի Չարլզ Սթրիքլենդին և մեր էպոսի Փոքր Մհերին։ 

 

Վարդուհի   Երբևէ չեմ մտածել, թե որն է իմ ամենասիրելի գրական կերպարը:  Ընթերցելիս փորձում եմ յուրաքանչյուր կերպարից մի բան սովորել։ Կուզենայի  առանձնացնել  Ջոնաթան Լիվինգսթոն ճային, որ պայքարում  էր և  իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում էր հասնել կատարելության:  Ըստ Ջոնաթանի. «Հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է»։ Կառանձնացնեմ նաև Բոռի (Արթուր Բերտոն, Ֆելիչե Ռիվարես) կերպարը։ Հայ գրականության մեջ ինձ համար տպավորիչ կերպար է Հ. Մաթևոսյանի Աղունը։ 

 

Տաթևիկ – Սիրելի կերպարները շատ են, չեմ կարող առանձնացնել մեկին։ Շատ եմ սիրում Վոլանդի և Բեգեմոտի («Վարպետը և Մարգարիտան»), Ռավիկի («Հաղթական կամար»), Մերուժանի ու Վասակի («Վարդանանք») կերպարները:

 

Անահիտ Անկեղծ ասած` երկուսն են ` Ռավիկը «Հաղթական կամար» վեպից և Սիրանո դը Բերժերակը համանուն վեպից:

 

 Նախընտրելի ժանրը:

 

Մարինե­­Նախընտրում եմ վեպը (մանավանդ՝ պատմավեպը), սիրում եմ ծավալուն գործեր, որտեղ գրական նյութը ձևային և բովանդակային զարգացման առավել լայն հնարավորություններ ունի։ Սիրում եմ նաև նովելներ։ 

 

Վարդուհի    Փոքր տարիքում  ինձ  գրավում էին արկածային վեպերը։ Այժմ ավելի շատ սիրում եմ վեպեր և նովելներ կարդալ։ Ընդհանրապես չեմ սիրում ֆանտաստիկ ստեղծագործություններ։

 

Տաթևիկ     Սիրում եմ ամեն ինչ՝  բացի արկածային գրականությունից։

 

Անահիտ   Նախընտրում եմ վեպը և նովելը: 

 

 Ո՞ր ժամանակաշրջանի գրականություն եք նախընտրում կարդալ:

 

Մարինե  Երևի թե ավելի շատ կարդացել եմ 20-րդ դարի գրականությունը։ Կարծում եմ, որ չի կարելի առանձնացնել միայն մի ժամանակաշրջան՝ անտեսելով մյուսները, քանի որ գրականության ընդհանուր պատկերը տեսանելի է ամբողջ ընթացքի մեջ։ 

 

Վարդուհի Դժվարանում եմ որևէ ժամանակաշրջան նշել, քանի որ կարդում եմ տարբեր ժամանակաշրջանների գրական ստեղծագործություններ և  փորձում եմ գտնել ինձ հետաքրքրող որևէ թեմա:

 

Տաթևիկ    Սիրում եմ հատկապես 20 -րդ դարի գրականությունը։

 

Անահիտ  Նախընտրում եմ կարդալ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գրականությունը:

 

  Երիտասարդներն այսօր  քի՞չ  են կարդում:

 

Մարինե  Ի տարբերություն նախորդ սերունդների՝ այսօրվա սերունդը իր հետաքրքրությունները բավարարելու լայն հնարավորություններ ունի, հետևաբար այսօր կարդում են նրանք, ում իսկապես հետաքրքրում է գիրքը (չհաշված որոշ հանգամանքներ), և կարծում եմ՝ այդ երիտասարդների թիվը այնքան էլ քիչ չէ, ինչքան ընդունված է կարծել։ 

 

Վարդուհի    Կարծում եմ՝ ներկայումս քիչ կարդալու հանգամանքը պայմանավորված է նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ:  Դրանք դարձել են մեր առօրյայի մի մասնիկը: Շատերն իրենց  չկարդալը կամ քիչ կարդալը երբեմն պայմանավորում են ժամանակի սղությամբ։ 

 

Տաթևիկ    Ըստ իս՝ այդքան էլ քիչ չեն կարդում, պարզապես այսօր ընտրություն անելն է դժվար։ Կարդալու եղանակները բազմաթիվ են, ստեղծագործությունները՝ շատ։ Ես մտածում եմ՝ պետք է ուղորդել երիտասրդներին և ավելի խորիմաստ ու բովանդակալից գրքեր խորհուրդ տալ։

 

Անահիտ  Գիրք կարդալը երեկ, այսօր ու վաղը չի հարցնում: Կարդացողը միշտ էլ կարդում է: Որպես այդ երիտասարդության ներկայացուցիչ՝ չգիտեմ ցավով, թե ուրախությամբ, պետք է նշեմ՝ շատ չեն կարդացողները, բայց քիչ էլ չեն: 

 

  Նշեք որևէ արտահայտություն գրքերից,  որ տպավորել է ձեզ:

 

Մարինե  «Հիշողությունը բուժած մարդը հիշողություն չունեցողն է։ Իսկ հիշողություն չունեցողն արդեն մարդ չէ… Ոչ էլ ազգն է՝ ազգ… Տգեղ ենք, կռնատ ենք, ընկնավոր ենք, թունոտ ենք, կռվարար ենք, մեծամիտ ենք թե վախկոտ ենք՝ էս ենք։ Աշխարհի ստեղծածն ենք… »,- Ռ. Հովսեփյան «Ծիրանի ծառերի տակ»: 

 

Վարդուհի     Դպրոցական տարիներից սկսած՝ իմ կարդացած գրքերից դուրս եմ գրում ինձ դուր եկած տողերը, արտահայտություններն ու ինձ անծանոթ բառերը։ Անընդհատ հիշում եմ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» վիպակից հետևյալ միտքը.«Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ»։ Վերջերս մտքումս հաճախ եմ կրկնում Պ. Սևակի հետևյալ քառատողը.

Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…

 

Տաթևիկ    Այս պահին հիշեցի մի միտք «Կարամազով եղբայրներ» վեպից. «Ուրեմն մի լինեք այնպես, ինչպես բոլորն են, ու թեկուզ միակը մնաք, համենայն դեպս մի՛ նմանվեք բոլորին»:

 

Անահիտ  Նմանատիպ շատ արտահայտություններ կան: Կառանձնացնեմ Օրհան Փամուքի հետևյալ արտահայտությունը. «Եթե ձեր սրտում ապրում է սիրելիի դիմանկարը, աշխարհը դեռ ձեր տունն է»: 

 

 Պատկերացնո՞ւմ եք աշխարհն առանց գրքերի:

 

Մարինե   Վ.  Հյուգոն «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի մի հատվածում նշում է, թե ինչպես մինչև 15-րդ դարը մարդկային մտքի գլխավոր արտահայտչամիջոց ճարտարապետությունը իր տեղը զիջում է տպագիր գրքին։  Եվ այդ ժամանակվանից մինչ հիմա էլ գիրքը շարունակում է կատարել իր այդ գործառույթը. գրողները բացահայտում են իրենց գիրք գրելով, ընթեցողները՝ ճանաչում իրենց ու աշխարհը՝ կարդալով այդ գրքերը։ Ես չեմ ուզում պատկերացնել, բայց եթե մարդկությունը մի օր գտնի ավելի հարմար արտահայտչամիջոց, քան գիրքն է, միգուցե հնարավոր լինի պատկերացնել։ 

 

Վարդուհի     Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի աշխարհն առանց գրքերի: Ինչ−որ  մի բան հաստատ կմնա կիսատ ու բաց։

 

Տաթևիկ     Չեմ պատկերացնում և չեմ էլ կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ չեն լինի գրքերը։ Մարդն իր ողջ կյանքում սովորում է, իսկ գիրքը գիտելիքի մեծ ու անսպառ աղբյուր է։

Անահիտ  Երբեմն տհաճ զգացողություններից, կրկնվող դեպքերից ու դեմքերից ազատվելու, ինքդ քեզ հետ մենակ մնալու միակ միջոցը դառնում է գիրքը. այն անհրաժեշտություն է, բայց եթե կարելի է պատկերացնել կյանքն առանց  սիրելիի ու հարազատների, ապա առանց գրքերի՝  դժվար թե անհնար լինի ապրել:

 

  Նախընտրում եք կարդալ էլեկտրոնայի՞ն տարբերակով,  թե՞ տպագիր:

 

Մարինե  Հնարավորության դեպքում, իհարկե, նախընտրում եմ տպագիր տարբերակը,

քանի որ այդպես ավելի հարմար ու հաճելի է, սակայն դեմ չեմ նաև էլեկտրոնային տարբերակին, քանի որ որոշ դեպքերում դա պարզապես փրկություն է, որովհետև տպագիրը հասանելի չէ։ 

 

Վարդուհի     Ավելի շատ նախընտրում եմ կարդալ տպագիր գրքեր, սակայն երբեմն պատահում է այնպես, որ ստիպված եմ լինում էլեկտրոնային կարդալ։ Էլեկտրոնային տարբերակով կարդալու ժամանակ ինչ−որ արհեստականություն ու անբնականություն եմ զգում։

 

Տաթևիկ   Ընդհանրապես չեմ սիրում և չեմ կարողանում կարդալ էլեկտրոնային տարբերակով։ Տպագիր տարբերակը ավելի հարմար է և տրամադրող:

 

Անահիտ   Տպագիր: Գիրքը պետք է կարդալ՝ զգալով վաղեմության բույրը: Հենց այդ պատճառով էլ եթե հնարավորություն ունեմ ընտրություն կատարելու հին ու նոր հրատարակությունների միջև, ապա ընտրությունս հնի կողմն է: 

 

 Ո՞ր գրքերը խորհուրդ կտաք կարդալ:

 

Մարինե  Խորհուրդ կտայի կարդալ ժամանակակից հայ գրականություն, քանի որ դպրոցում այն  չի ուսումնասիրվում, և հաճախ ենք լսում, թե դասական գրողներից հետո չի ստեղծվել և չի ստեղծվում հայ գրականություն։ 

 

 Վարդուհի    Բոլորին խորհուրդ կտամ կարդալ հայ հեղինակների  գործերը: Համաշխարհային գրականությունից կարող եմ առանձնացնել հետևյալ  գրքերը՝

  1. Անտուան դը Սենտ- Էքզյուպերի - «Փոքրիկ իշխանը»
  2. Էթել Լիլիան Վոյնիչ - «Բոռ»
  3. Միխայիլ Բուլգակով - «Վարպետը եւ Մարգարիտան»
  4. Ռիչարդ Բախ - «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
  5. Վիկտոր Հյուգո - «Թշվառները»

 

Տաթևիկ    Խորհուրդ կտամ կարդալ հետևյալ գրքերը՝

  1. Մ. Բոլգակով - «Վարպետը և Մարգարիտան»
  2. Ջ. Օրուել - «Անասնաֆերմա»
  3. Գ. Մոպասանի նովելները
  4. Ա. Այվազյան - «Պուճուր մի տեղ Բուդդայի կողքին»
  5. Ս. Մոեմ - «Լուսինը և վեցպենսանոցը»
  6. Ե. Չարենց - «Երկիր Նաիրի»

 

Անահիտ  Ընթերցողը պիտի գիրք ընտրի իր ճաշակով, այլ ոչ թե ժամանակաշրջանի ու կարդացողների մեծամասնության թելադրանքով: Պիտի կարդալ այն գրքերը, որոնք ունեն ասելիք, որոնք կարող են մարդուն ավելի լավը դարձնել:

Հարցազրույցը՝ Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Back to top