поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Մեկ տարի առաջ հայտարարված «Մաթևոսյանական արձագանքներ ─ 3» գիտաժողովը կայացավ 2020 թվականի մայիսի 23-ին: Գիտաժողովն այս պարբերական է, և ամեն անգամ գաղափարը բ. գ. դ., պրոֆ. Գուրգեն Խաչատրյանինն է: Մասնակցության՝ նախապես հայտարարված առկա, հեռակա և հեռավար ձևաչափերը, ստեղծված իրավիճակով թելադրված, փոխարինվեցին բացառապես հեռավար տարբերակով: Այդ ձևաչափով գիտաժողով կազմակերպելն իսկական մարտահրավեր էր՝ նետված կազմակերպիչներին և մասնակիցներին, սակայն տեխնիկական խնդիրներ չեղան. Zoom-ն էլ Մաթևոսյանին «սիրեց»:
Գիտաժողովի աշխարհագրությունն էր՝ ՀՀ, Արցախ, ՌԴ, Ուկրաինա, ԱՄՆ, Ֆրանսիա, ՀՀ մարզերից՝ Լոռի, Երևան, Գեղարքունիք, Սյունիք, Կոտայք: Ներգրավված էին ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի բոլոր 4 ամբիոնները:
Միջազգային ակադեմիական համագործակցության տեսանկյունից՝ գիտաժողովը կարևոր էր հատկապես Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխատակիցների մասնակցությամբ (բ. գ. թ., դոցենտ Վիկտոր Զախարով, բ. գ. թ., դոցենտ Օլգա Միտրոֆանովա):
Գիտաժողովին պատիվ էր բերում այն փաստը, որ մասնակիցների շարքում էր նաև հայ ժողովրդի մեծ բարեկամ Օլեքսանդր Բոժկոն, ով Հրանտ Մաթևոսյանի գործերը բնագրից թարգմանել է ուկրաիներեն:
Լիագումար նիստը վարեց բուհի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Արեն Սանթոյանը: Գիտաժողովականներին իրենց ողջույնի խոսքը հղեցին ՎՊՀ ռեկտոր, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆ. Ռուստամ Սահակյանը և Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը:

Լիագումար նիստին հաջորդեց աշխատանքը 2 բաժանմունքներում՝ գրականագիտության և լեզվաբանության:
Գիտաժողովն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ բանասիրության արդի ուղղությունների և մեթոդաբանությունների ընդգրկմամբ: Փակմանը կատարված մտքերի փոխանակումից պարզ դարձավ, որ գիտաժողովը բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ է առաջացրել զեկուցող և ունկնդիր մասնակիցների շրջանում՝ միանձնյա կամ համագործակցությամբ դրանք իրագործելու:
Թե՛ գիտաժողովի ընթացքը և թե՛ հետգիտաժողովային արձագանքները խոսում են այն մասին, որ գիտաժողովը հաջողել է, և դա շնորհիվ ոչ միայն կազմկոմիտեի, այլև խմբագրական խորհրդի, բանասիրական ֆակուլտետի բոլոր ամբիոնների համագործակցության: Շատ կարևոր է նաև, որ գիտաժողովն արժանացել է Մաթևոսյանների ընտանիքի ջերմ արձագանքին:

Գիտաժողովի ծրագիրը տե՛ս հետևյալ հղմամբ.
https://www.vsu.am/karg/2020/cragir-hrant-matevosyan.pdf

Գիտաժողովի պատասխանատու քարտուղար՝ բ. գ. թ., դոցենտ Հեղինե Մելքոնյան

Back to top