поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Գիտական խորհրդի նիստի մեկնարկին ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը ողջունեց խորհրդի անդամներին ու նիստին առցանց միացած դիտորդ-ուսանողներին՝ նկատելով, որ բուհում կատարվող իրադարձությունները աստիճանաբար ավելի թափանցիկ են դառնում: Քվորումի առկայությամբ՝ նիստը մեկնարկեց՝ օրակարգի ընթացիկ հարցերում ավելացնելով հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն լեզու և գրականություն, պատմություն և կենսաբանություն մասնագիտությունների մանկավարժի որակավորմամբ կրթական ծրագրերի ուսումնական պլանների քննարկման հարցը և 2020-21 ուստարվա ուսումնական բեռնվածության չափորոշիչների վերաբերյալ հաղորդում (զեկուցող՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյան): Վերոնշյալ փոփոխություններով օրակարգը հաստատվեց միաձայն:

Գիտահետազոտական ոլորտում համագործակցային կապերի վերաբերյալ հաղորդում տվեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանը: Վերջինիս խոսքով օրերս ՎՊՀ-ն համագործակցության առաջարկ է ստացել Գերմանիայի ‹‹Ընկնող պատեր›› կազմակերպությունից, որ զբաղվում է գիտության հանրայնացման խնդիրներով: Պրոռեկտորի խոսքով՝ խիստ կարևոր է ամբիոններում միջազգայնացման պատասխանատուների դերը դրամաշնորհների որոնման ուղղությամբ:

Ուսանողների կրթական կարիքների վերհանման վերլուծությունը ներկայացրեց ՎՊՀ ՈւԽ նախագահ Միքայել Թամարյանը՝ նշելով, որ ուսանողական խորհուրդը մշտապես համագործակցել է համալսարանի ղեկավարության և առանձին բաժինների հետ, վեր հանել ուսանողների շրջանում բարձրացված հարցերը։ Սակայն, հաշվի առնելով, որ առկա ուսուցման համակարգի քննությունները անցկացվելու են առցանց հարթակում, և ենթադրելի է, որ հնարավոր է լինեն կապի ընդհատումներ, ինչը կարող է անդրադառնալ ուսանողների գնահատականների վրա, զեկուցողը
առաջարկեց նման դեպքերում ուսանողներին հնարավորություն տալ անմիջապես կապվել դասախոսների հետ: Ս. Թումանյանը հետաքրքրվեց՝ որքան ժամանակ անց է ուսանողը պարտավորվում կապի ընդհատման դեպքում կրկին կապ հաստատել դասախոսի հետ: Նա նշեց նաև, որ պետք է նկատի ունենալ՝ նմանօրինակ դեպքերում հարցատոմսը ենթակա է փոփոխման: Առաջարկվեց, որ վերոնշյալ դպքերում ուսանողը կապը պահպանի քննության ՈՒԽ դիտորդի հետ ևս: Ռ. Սահակյանը շեշտեց, որ բուհի ղեկավարությունը մշտապես պատրաստ է խնդիրների դեպքում արագորեն արձագանքել:

Օրակարգի 3-րդ հարցով փոփոխություններ կատարվեցին ՎՊՀ ռեկտորին առընթեր ֆինանսատնտեսական հանձնաժողովի կանոնակարգում: Առաջարկվեց ‹‹ՎՊՀ ռեկտորին առընթեր ֆինանսատնտեսական հանձնաժողովի կանոնակարգի››  4.10  կետը` ‹‹Հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող` ռեկտորի կողմից հրավիրված այլ անձինք` փորձագետներ կամ մասնագետներ››, շարադրել հետևյալ խմբագրությամբ` ‹‹Անհրաժեշտության կամ օրակարգում ընդգրկված հարցի քննարկմանը հնարավոր շահառուներին ընդգրկեու նպատակով  հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող` ռեկտորի կողմից հրավիրված այլ անձինք››: Առաջարկին դեմ կարծիքներ չեղան:

Օրակարգի ընթացիկ հարցերից առաջինը մագիստրոսական կրթական ծրագրերը մանկավարժական դարձնելու առաջարկն էր: Առաջարկն ընդունվեց միաձայն:

Ընթացիկ 2-րդ հարցը առկա բաժնի քննությունների ընդունման որոշակի խնդիրների մասին էր:   Ուսանողների կողմից բարձրացված մի  շարք  հարցերից  պարզ է դարձել, որ հետադարձ կապը լավ չի գործել, որոշ դասախոսների մոտ եղել են թյուրըմբռնումներ, անտեղյակություներ, որի արդյունքում ուսանողների մոտ առաջացել է դժվարություն: Եղել են  նաև առաջարկներ, որոնք համարվել են անընդունելի (քննությունների բացառում, քննական գնահատականների և գործնական աշխատանքների արդյունքի նույնականացում և այլն): Ս. Թումանյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում ռեկտորի և իր կողմից ընդգծվել է, որ ելնելով ֆորսմաժորային իրավիճակից՝ քննության ժամանակ գնահատման բոլոր բաղադրիչներից դրական գնահատված  ուսանողներին պետք է տրվի քննական գնահատականի ութ միավոր բոնուս: Ուսանողները կարող են օգտվել այդ բոնուսից և ցանկության դեպքում պատասխանել հարցատոմսին՝  բարելավելու արդյունքը: Քննության արդյունքում ուսանողի ներկայությունը պարտադիր է: Դասխոսը  ելնելով գործող կարգով ամրագրված իր իրավունքից, քննությունն կարող է կազմակերպել բանավոր, գրավոր, թեստային՝ ամեն դեպքում պահպանելով 8 միավոր բոնուսը:

Հաջորդիվ առաջարկվեց տպագրության երաշխավորել «ՎՊՀ գիտական տեղեկագրի» Ա  և Բ պրակները. առաջարկն ընդունվեց միաձայն:

Ընթացիկ հաջորդ հարցը մ.գ.դ., պրոֆեսոր Վ.Հ. Ղարագյոզյանին՝ ծննդյան 80-ամյակի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար կառավարական պարգևի ներկայացնելու հարցն էր: Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց հարցը հանել քննարկումից և պարգևատրման արժանի բոլոր հնարավոր թեկնածությունները և դրանց չափանիշները քննարկել ֆակուլտետների խորհուրդներում, նոր միայն ներկայացնել գիտխորհրդի հաստատմանը: Հարցին համակարգային լուծում տալու նպատակով Ռ. Սահակյանը առաջարկեց ստեղծել անաչառ հանձնաժողով: Որոշվեց հարցը քննարկումից հանել և առաջիկայում ստեղծվելիք հանձնաժողովում առաջինը քննարկել Վ. Ղարագյոզյանին կառավարական պարգևի ներկայացնելու հարցը: Ռեկտորը վստահեցրեց, որ հանձնաժողովը կկազմավորվի քննարկումների ու խորհրդակցության արդյունքում: Առաջարկն ընդունվեց միաձայն:

Վերջին հարցով առաջարկվեց վերականգնել  պրակտիկայի 5-րդ բաժնի չափորոշիչները: Այս առաջարկը ևս ընդունվեց միաձայն քվեարկությամբ:

Նիստի ավարտին ռեկտոր Սահակյանը շնորհավորեց բոլորին Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հարապետության տոնի առթիվ:

                                                                                           Լիանա Պեչենևսկայա

Back to top