поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

    ՎՊՀ ողջ անձնակազմը և ղեկավարությունը ցավով հայտնում են պ․գ․թ․, դոցենտ Աշոտ Լևոնի Սահակյանի մահվան բոթը։

    1970 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ որպես ասիստենտ աշխատանքի է անցել Կիրովականի նորաստեղծ պետական մանկավարժական ինստիտուտում: 1971 թ. ընտրվել է պատմության ամբիոնի դասախոս, 1977 թ.` ավագ դասախոս: 2000 թ. Աշոտ Սահակյանին շնորհվել  է  պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2005 թ. ստացել է դոցենտի կոչում և ընտրվել ամբիոնի դոցենտ: 2003 թվականից մինչև 2008 թ. եղել է ՎՊՄԻ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:

    2015 թ. հրատարակել է «Հայաստանը Անդրդաշնության կազմում։ Խանդավառ միավորումից մինչև անաղմուկ բաժանում» մենագրությունը: Շուրջ երկու տասնյակ հոդվածների հեղինակ է: Վաստակաշատ մանկավարժ-գիտնականը դասավանդել  է «Հայոց պատմություն», «Հայոց պատմության հիմնահարցեր» առարկաները, իսկ մագիստրատուրայում՝ «Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին», «Ֆիդայական շարժում», «Հայաստանը արդի միջազգային հարաբերություններում» դասընթացները:

    Աշոտ Սահակյանը 2007 թ. պարգևատրվել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» հուշադրոշով  և «Ուխտ Արարատի» միության պատվոգրով:

    Կրթության և գիտության ոլորտում ներդրած նշանակալից ավանդի համար 2010 թվականին պարգևատրվել է «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի» ոսկե հուշամեդալով:

    Մոտ հինգ տասնամյակ նա, հավատարիմ իր կոչմանը, ծառայել է  հարազատ բուհին, մեծ նվիրվածությամբ  շարունակել  երիտասարդ մասնագետներ պատրաստելու նվիրական գործը:

    Աշոտ Սահակյանը ճանաչված, հարգված ու սիրված անձնավորություն էր ոչ միայն մեր բուհում ու քաղաքում, այլ նաև մեր հանրապետությունում և նրանից դուրս։

    Մշեցի իր նախնիներից նա ժառանգել է պատվախնդրություն, ընկերասիրություն, հայրենի եզերքի նկատմամբ անմնացորդ  նվիրվածություն:  Նա ավանդապաշտ  հայկական ընտանիքի հոգատար հայր էր, ծնողամեծար զավակ ու պատրաստակամ ընկեր:

    ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ղեկավարությունը, ամբողջ ուսանողությունը վշտացած են հարգելի գործընկերոջ, սիրելի դասախոսի մահվան տխուր առիթով և ցավակցում են հանգուցյալի ընտանիքին և հարազատներին:

 

 

Back to top