Ամենայն հայոց բանաստեղծի և գիրք նվիրելու օրվա միջոցառումները ՎՊՀ-ում մեկնարկեցին փետրվարի 18-ին: Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները, ավանդույթի համաձայն, համալսարանին նվիրաբերեցին գրքեր, իսկ ՎՊՀ գրադարանն անցկացրեց մրցույթ-վիկտորինա:
Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակի առթիվ նախապես հայտարարված ասմունքի մրցույթի ընթացում հնչեցին հանճարեղ լոռեցու գործերից, որոնք միշտ արդիական են: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ 1-ին մրցանակային տեղը շնորհվեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհի Անի Մելքոնյանին:
Միջոցառմանը հնչեցին նաև «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների կատարումները: Բուհի դասախոսներից Գայանե Մալումյանը, որ նաև հանձնաժողովի կազմում էր, համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանին առաջարկեց յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին, բեմից հնչեցնել թումանյանական խոսքը, ցանկալի է՝ առանց մրցակցության:
Միջոցառման երկրորդ մասում հյուրերը շրջեցին համալսարանի ճեմասրահում, ուր ներկայացված էին «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողների արվեստի գործերը: Օրվա ամենատպավորիչ պահերից մեկը Հով. Թումանյանի հերոսների՝ Համբոյի և Գիքորի «ներկայությունն» էր, որն ապահովվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների վարպետության շնորհիվ:
Միջոցառման ավարտին նվիրաբերված գրքերը «գտան» ընթերցասեր տերերին: