поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի  օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Աննա Առաքելյանը  մասնակցել է  ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. ակտիվ ուսուցում շրջված դասարանի մոդելով» նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսների վերապատրաստման դասընթացին, որը տեղի է ունեցել ս/թ դեկտեմբերի 3-7-ը Շվեդիայի Լինշոպինգի համալսարանում (Li.U): Վերապատրաստմանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք բուհերի դասախոսներ:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին  ներկայացնել ակտիվ ուսուցման հիմնական սկզբունքները, առաջացման նախադրյալները, զարգացման և կիրառման ռազմավարությունը: Դասընթացի առանցքային թեման շրջված դասարանի մոդելն էր, որի հիմքում  ընկած է հետևյալ գաղափարը. այն առաջադրանքները, որոնք ավանդաբար կատարվել են լսարանից դուրս, տեղափոխվել են լսարան, և հակառակը: Ավանդական դասախոսությունների փոխարեն դասախոսը սովորում է պատրաստել տեսահոլովակ դասախոսություններ և մուլտիմեդիա ռեսուրսներ, որոնք կնպաստեն ուսանողների ուսումնառությանը: «Շրջված դասարան» մոդելի գաղափարն է՝ ուսանողներին  դարձնել դասավանդման գործընթացի ակտիվ մասնակից և բարձրացնել ուսման որակը:

Դասընթացի շրջանակներում  վերապատրաստվող դասախոսները  կիրառել են շրջված դասարանի մոդելը, քննարկել TET-SAT ( an online self-assessment tool, a part of the MENTEP (MENtoring Technology-Enhanced Pedagogy) project) առցանց  ինքնագնահատման գործիքը, որը նպաստում է դասախոսի մանկավարժական, թվային (տեխնոլոգիական) կարողությունների (digital pedagogical competence)  զարգացմանը և հետադարձ կապը ապահովմանը:

Արդյունքում դասախոսները հնարավորություն են ունեցել.

  • քննարկել, թե ինչպես ակտիվ ուսուցումը և թվային գործիքների կիրառումը կարող են աջակցել ուսանողների ուսումնառությանը,
  • ստեղծել և օգտագործել թվային գործիքները ուսուցման և ուսումնառության աջակցման, ինչպես նաև դասընթացի նյութերը պատրաստելու համար:

Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Ա. Առաքելյանը նախատեսում է  2019 թ. փետրվար-մարտ ամիսներին  ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել դասախոսների վերապատրաստում՝ դասավանդման և ուսումնառության նորարարական վերոնշյալ մեթոդի վերաբերյալ:

Back to top