поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Իր սերնդակիցների մեծ մասի նման ունեցել է պատերազմական տարիների դառը մանկություն, որն անցկացրել է Սյունիքի Սպանդարյան գյուղում (Սիսիանի շրջան):
    Ավարտելով Երևանի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը՝  «Հաշվողական մաթեմատիկա և հաշվողական տեխնիկա ու ծրագրավորում»  մասնագիտությամբ, Վ. Ս.  Հովսեփյանը 1960 թվականից իր կյանքը կապել է Կիրովականի (Վանաձորի) հետ:
    Աշխատել է «Ավտոմատիկա» գիտահետազոտական ինստիտուտում՝  սկսելով կրտսեր գիտաշխատողի պաշտոնից, ապա զբաղեցնելով տարբեր բաժինների վարիչի, ինստիտուտի գիտաշխատանքների գծով փոխտնօրենի, ապա տնօրենի և «Արդավտոմատիկա»  գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի պաշտոններ:
    Գիտատեխնիկական գործուղումներով Վ. Հովսեփյանը եղել է Բուլղարիայում, Կուբայում, Իսպանիայում, սովորել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ասպիրանտուրայում, անցել է որակավորման բարձրացման հատուկ դասընթաց՝ «Մենեջմենթ և մարքեթինգ»:
    Պաշտպանել է թեկնածուական թեզ  («Տեխնոլոգիական պրոցեսների մաթեմատիկական նկարագրման ու օպտիմալ ղեկավարման ալգորիթմների մշակում»)  և ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
    1961 թվականից համատեղության կարգով աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղում՝ որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր:
    Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում ( այժմ ՝ ՎՊՀ ) Վ. Հովսեփյանն սկսել է աշխատել ժամավճարային կարգով 1969 թվականից: 1997 թվականից լրիվ դրույքով սկսել է աշխատել «Ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման» ամբիոնի դոցենտի պաշտոնում:
    Վ. Ս. Հովսեփյանը հեղինակ է ավելի քան 90 գիտական հոդվածների, 1 գյուտի և բուհերի ուսանողների համար նախատեսված ուսումնական և ուսումնամեթոդական 6 ձեռնարկների:
Իր արտաբուհական ժամանակի մեծ մասը Վ. Ս. Հովսեփյանը անցկացրել է քաղաքի գրական-մշակութային գործիչների հետ հանդիպումներում, քննարկումներում ու բանավեճերում, որտեղ նրա ներկայությունը բոլորի համար ցանկալի էր: Հավաքել, հրատարակել և մտերիմներին է նվիրել «Բաժակաճառեր» գրքույկը: Գրառում էր «Մտորումներ և հիշողություններ տարբեր ժամանակների ու տրամադրության» վերհուշը:

    Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և «Սարքաշինության գերազանցիկ» մեդալով, իսկ մտերիմ ընկերական շրջապատը նրան շնորհել է «Հաստատակամ ու վստահելի ընկեր» կոչումը:
    Սիրելի ընկերոջ, սկզբունքային ու անկաշառ մարդու, վաստակաշատ դասախոս Վարդգես Սեդրակի Հովսեփյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում:

Back to top