поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանում է բուհերում հեռավար կրթության իրականացման անհրաժեշտությունը: Այս մտահոգությամբ համալսարանի նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի նախաձեռնությամբ էլեկտրոնային կրթական տեխնոլոգիաների կառավարման և սպասարկման բաժինն ամիսներ առաջ սկսել է աշխատել ծրագրային հզոր համակարգի ներդրման ուղղությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել լիարժեք հեռավար ուսուցում: Տարածաշրջանի բուհերից ՎՊՀ-ն առաջինն է, որ կիրառելու է «Moodle» կրթական համակարգը:

Թեստավորման փուլն արդեն ավարտվել է, ընթացքում ի հայտ եկած խնդիրներն արագորեն լուծումներ են ստացել: Հեռավար ուսուցման նպատակն է ապահովել թեմատիկ մասնագիտական կրթություն՝ համակցելով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ավանդական ուսուցման մեթոդները:  

Բուհն ունի հեռավար կրթության իրականացման համար անհրաժեշտ ներուժ՝ մարդկային ռեսուրսներ, թվայնացված նյութեր, էլեկտրոնային գրադարան: «Moodle» առցանց կրթական համակարգը, որն օգտագործվում է որպես նորարարական մեթոդ, կիրառվում է աշխարհի բազմաթիվ համալսարաններում:

Համակարգը ՎՊՀ տեղափոխելը կրթական ոլորտի պատասխանատուները համարում են առաջնահերթություն: Այն ապահովում է դասընթացների մասնակիցների միջև կենդանի շփմանը փոխարինող հաղորդակցման և ուսման մեծ հնարավորություններ:

Էլեկտրոնային կրթական տեխնոլոգիաների կառավարման և սպասարկման բաժնի վարիչ Նելսոն Ստեփանյանը հավաստում է, որ ՎՊՀ-ում այն մասնագետների մասնագիտական գիտելիքների ու կարողությունների օգտագործումը, որոնց Հայաստան հրավիրելն անիրատեսական է՝ կապված ֆինանսական ծախսերի հետ, շատ շուտով հնարավոր է լինելու: Բաժնի առաջատար մասնագետներից կազմված թիմն այս ուղղությամբ առավելագույն ջանքեր է գործադրում: Ցանցային ադմինիստրատոր Գոռ Մանուկյանը համակարգի ներդրման աշխատանքների առաջին իսկ օրվանից աշխատում է համակարգի տեղակայման, կարգաբերման, թերությունների հայտնաբերման և վերացման ուղղությամբ և դրսևորում է մասնագիտական բարձր որակներ: Թեստավորման փուլն անցնելուց հետո բաժնի աշխատակիցները համալսարանի դասախոսական կազմին ծանոթացնելու են առցանց կրթական հարթակին, որը միաժամանակ ծառայում է որպես համակարգի փորձարկում:

ՎՊՀ-ում դասընթացի պատասխանատուները վստահ են, որ նորարարության շնորհիվ զգալիորեն կբարձրանա կրթական գործընթացի արդյունավետությունը:

                                                                                                       Լիանա Պեչենևսկայա

Back to top